Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրական օրենսգրքի հետ կապված՝ Հայաստանի իշխանություններին արված ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին, ասաց, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է և չի անում բաներ՝ ինչ–որ կառույցների հաճոյանալու համար։
 

«Հայաստանը երբեք չի անում ինչ-որ բաներ միայն ինչ-որ կառույցներին հաճոյանալու կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք: Այն առաջարկությունները, որոնք արել է ԺՀՄԻԳ-ը, հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, պետք է ասեմ, որ դրանք հաշվի են առնված և նախագծում դրանց էական մասն իրացված է»,-ասաց Հրայր Թովմասյանը:


Լրագրողների հարցին, թե Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ի՞նչ փուլում են, և արդյոք հստակեցված է էլեկտրոնային քվեարկության հարցը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Էլեկտրոնային քվեարկության մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, մեկը լսել է, մեկը տեսել է, մեկին պատմել են: Իհա՛րկե, ներողություն եմ խնդրում մի քիչ կատեգորիկ լինելու համար»:


Նրա խոսքով՝ բոլոր այն երկրներում, որտեղ չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլեկտրոնային համակարգի ներդրումը:


«Էլեկտրոնային համակարգն իր հերթին կոչված է ապահովվելու վստահության բարձրացումը: Այս խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում. այդ համակարգերը պետք է պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն միջազգային կառույցները: Այդ համակարգերն անձեռնմխելի են, ոչ ոք չի կարող այդ համակարգերին մուտք գործել և ինչ-որ բան փոխել»,-ասաց Հրայր Թովմասյանը:

 

Վերջինս ասաց, թե եթե չկան այդ համակարգերը, ապա շարունակելու են մտածել, թե ավանդական թղթային եղանակով ինչպես դրանք անել:


Հարցին, թե Հայաստանում կա՞ այն վստահությունը, որի մասին խոսում էր Հրայր Թովմասյանը, վերջինս պատասխանեց. «Հայաստանում, ցավոք, չկա այդ վստահությունը, պատշաճ մակարդակի վրա չի գտնվում: Դրանով է նաև պայմանավորված, որ որոշակի վերապահումներով պետք է խոսել այդ համակարգի ներդրման մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել