Tert.am-ը գրում է.

Շիրակի և Արագածոտնի մարզպետներին առայժմ չեն տեղեկացրել՝ պաշտոններից հրաժարվելու մասին: Tert.am-ի հետ զրույցում ասացին մարզպետները:

 

Երեկ Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում, պատասխանելով հարցին՝ իշխանության ո՞ր օղակներն են տրվում Դաշնակցությանը, Արմեն Ռուստամյանն ասել էր. «Արդեն երեք նախարարի մասին է խոսք գնում, երկու մարզպետի: Տարածքային կառավարում (իհարկե, դեռ վերջնական հուշագրով այդ ամենը կհստակեցվի, կստորագրվի), կրթություն-գիտություն և էկոնոմիկա»:

 

Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանն ասաց, թե ինքը հաղորդումը չի դիտել, այդ մասին չի լսել, բայց մամուլի հրապարակումներին ծանոթ է:

 

«Ես էլ Ձեր պես մամուլից եմ տեղեկացել… Ինչ ունեմ ասելու, ասելիք չունեմ, հիմա եթե արդեն համաձայնեցված է, համաձայնեցված է…»,- նշեց նա:

 

Հարցին, թե տեղեկություններ կան, թե շիրակցիները չեն ուզում, որպեսզի Ֆելիքս Ցոլակյանը հեռանա, արյդոք հնարավո՞ր է մարզում բողոքի ալիք բարձրանա, մարզպետը բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում, նորմալ կլինի, չեմ կարծում, որ տենց բան կլինի»:

 

Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, թե ինքը դիտել է Արմեն Ռուստամյանի հաղորդումը, բայց վերջինս չի ասել, որ համաձայնություն կա Արագածոտնի մարզպետի պաշտոնը ՀՅԴ–ին փոխանցելու վերաբերյալ: «Նման բան չի ասել, ես նման ինֆորմացիա չունեմ: Նման բան չի հայտարարել, ես հաղորդումը նայել եմ»,- նշեց Սահակյանը:

 

Մարզպետի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչու է Դաշնակցությանը տրվելիք պաշտոնների ցանկում շրջանառվում նաև իր մարզի անունը: «Չգիտեմ՝ ինչու են շրջանառում, ո՞վ է շրջանառում: Ես տեղյակ չեմ, նման քննարկում չի եղել: Ես կուսակցական եմ, ունեմ կուսակցություն, երկրի նախագահ, դա քաղաքական պաշտոն է, ինչպես երկրի նախագահը կորոշի այնպես էլ կանենք»,- շեշտեց Սարգսի Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել