Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին հայտարարեց, որ առանձնապես բան չի ասելու: Նիստում քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներ, անդրադարձ է եղել ՀՅԴ հետ համագործակցության ձևաչափին:

«ՀՅԴ հետ ՀՀԿ-ն ունի նախնական համաձայնություն՝ հետագայում կառավարման համակարգում միասին աշխատելու մասին: Վերջնական համաձայնության ու մանրամասների մասին դուք կտեղեկանաք մինչև շաբաթ վերջ: Այսօր ունենք ՀՅԴ հետ նախնական ընդհանուր համաձայնություն», ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ նախնական բառը նշանակում է, որ դեռ պայմանավորվածությունը վերջնական չէ, հետևաբար ինքն այսօր չի կարող ներկայացնել, թե որ պորտֆելներն են տալու ՀՅԴ-ին:

Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Աշոտյանն այսօր պատասխանել է իրեն ուղղված հարցերին:

Նա նշեց, որ չի կարող ավելի տեղեկություն տալ ՀՅԴ հետ տարվող բանակցությունների մասին, քանի որ նախնական համաձայնություն նշանակում է, որ համաձայնությունը հարյուր տոկոս չէ:

«Ես ձեզ տվեցի հիմնական մեսիջը, եթե անուն ազգանունով եք ուզում, կիմանաք շաբաթվա վերջին»,- ասաց նա՝ հավելելով, որ մամուլի հրապարակումների մի մասը համապատասխանում են իրականությանը, մյուս մասը՝ ոչ:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ պաշտոնների հարցը հստակեցված է, նա պատասխանեց՝ հիմնականում այո: Նա նաև հաստատեց, որ նախարարի պորտֆելներից բացի, նաև մարզպետների պաշտոններ են տրվելու ՀՅԴ-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել