Օրերս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը Եվրոպայում ընտրությունների դիտարկման ոլորտում առաջատար կազմակերպություն է և ամեն տարի կազմակերպում է հազարավոր դիտորդների տեղակայում՝ ընտրությունների իրականացումը գնահատելու համար, հրապարակել է Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որը վերաբերում է 2015թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի անցկացմանը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հանրաքվեի փորձագիտական խումբը զեկույցը կազմել է ուշադրության կենտրոնում պահելով իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները:

Նշենք նաև, որ Փորձագիտական խումբը չի գնահատել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը և Հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշվում են մի շարք թերացումներ, որոնք վերաբերում են թե՛ քվեարկությանը ու հաշվարկի ընթացքին, թե՛ հանրաքվեի կազմակերպմանն ու բողոքարկմանը: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու»,- նշվում է զեկույցում:

Ի հավելումն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում տեղ գտած դիտարկումների՝ նշենք, որ հանրաքվեի անցկացման ժամանակ ընտրախախտումների և թերացումների մասին վկայում է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 68 քրեական գործ: Բացի այդ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերի դեպքում իրավական գործընթաց իրականացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն:

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշված թերացումների մասին դիտարկումները ինքնանպատակ լինել չեն կարող, քանի որ ՀՀ իշխանություններն իրենք են հրավիրել Հանրաքվեի փորձագիտական խմբին` սահմանադրական հանրաքվեի իրականացումը դիտարկելու համար: Ուստի ընտրական գործընթացում արձանագրված թերացումների և բացերի գլխավոր հասցեատերը՝ ՀՀ իշխանությունները, պետք է հաշվի առնեն զեկույցում տեղ գտած հանձնարարականները, որոնց նպատակը Հայաստանում ընտրությունների անցկացումը ԵԱՀԿ պարտավորություններին և այլ միջազգային պարտավորություններին և չափանիշներին համահունչ դարձնելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել