Tert.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումը:
 
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արթուր Վարդանյանի պաշտպանից:
 
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից երկարաձգվել էր Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի խափանման միջոցը, որն ընտրվել էր կալանքը:
 
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդելՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։
 
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։
 
Գործով ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
 
Նշենք նաև, որ այս գործով անցնող խմբի անդամներից 6 հոգին ազատ էին արձակվել: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել