Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը, որն աննախադեպ է Խորհրդային միության փլուզումից հետո, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ռազմաքաղաքական լարվածությունը Մերձավոր Արևելքում, անհրաժեշտ է դառնում Ռուսաստանի կողմից տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ռազմական պոտենցիալի ուժեղացումը։
 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` հավելելով. «Սա, կարծում եմ, բնական երևույթ է, որովհետև ռուսական կողմը ստիպված է դա անել, ու այդ քայլն անհրաժեշտություն է»:
 

Հիշեցնենք, որ Կրեմլի խոսնակը Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները «վատթարագույնն» է համարել վերջին տասնամյակներում և Թուրքիայի քաղաքականությունը համարել է ագրեսիվ, դավաճանական:
 

Թուրքագետը կիսում է այդ կարծիքն ու արձանագրում, որ դրանք վատթարագույնն են Խորհրդային միության փլուզումից հետո:
 

«Նույնիսկ 90-ականների սկզբներին, երբ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական դիմակայություն կար, հաշվի առնելով Հյուսիսային Կովկասում գործընթացները և մնացած գործոնները, նույնիսկ այդ ժամանակ այդ իրավիճակը չկար»,-ասաց Լևոն Հովսեփյանը:
 

Նա այն կարծիքին է, որ Ռուսաստան-Թուրքիա ուղղակի ռազմական բախում եթե լինի, ապա կլինի ոչ թե Հայաստանի սահմանի մոտ, այլ՝ Սիրիայում՝ հետագայում միջնորդավորված ռուս-թուրքական բախումների տեսքով:
 

Հիշեցնենք, որ ըստ տեղական մամուլի՝ երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում, իսկ ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևին հանձնարարել է նաև զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել