Tert.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի համակարգ ներդնելը երկարատև գործընթաց է, ուստի ԵՏՄ կոլեգիան որոշել է մինչ այդ գործի դնել ազգային արժույթներով վճարումներ կատարելու մեխանիզմը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Միասնական արժույթը, ի սկզբանե, ունեցել է փուլային երկու բաժանում, ինչպես ցանկացած ինտեգրացիոն գործընթաց, որն ունենում է փուլեր: Առաջին փուլում, եթե լինի միասնական արժույթ, այն գործելու է միայն Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում: Իսկ Հայաստանը և Ղրղզստանը պետք է միանան երկրորդ փուլում»,- նշեց Վիլեն Խաչատրյանն՝ ասելով, որ փուլային գործընթացը 2020թ.-ից շուտ ավարտելն անհնար է:

Ըստ տնտեսագետի՝ միասնական արժույթային համակարգին նախորդում է ազգային արժույթներով փոխադարձ առևտուր կատարելու մեխանիզմը. «Միջնորդավորված արժույթը, միջանկյալ վալյուտան՝ դոլարը, եվրոն, վերանում են գործարքներից, հետևաբար, արժույթների կոնվերտացիան այլևս չի կատարվում, վնասներ չենք կրում: Հեշտանում է արժույթային հաշվեկշիռները պահելու գործը»:

Խաչատրյանն ասաց, որ եթե միության ներսում արտահանման, ներմուծման միջպետական գործարքներն անցկացվեն ազգային արժույթներով, կստեղծվի որոշակի կայունություն:

«Ի վերջո, մենք անցնելու ենք այդ համակարգին, ձգտում են, դա ցանկացած ինտեգրացիոն միության նպատակներից է, որ լինի միասնական արժույթ: Այդ մասին ասված է նաև ԵՏՄ պայմանագրում»,- նշեց տնտեսագետը:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել