Մի փոքր մեր իրականության մասին, երկարա, բայց դե ինչ արած:

1. Ամբողջատիրական հասարակարգերին բնորոշ են համընդհանուր գաղափարախոսությունները, որոնց անշեղորեն սահմանում են հասարակական, գիտական, քաղաքական, մշակութային, իրավական, ինչպես նաև առօրեական փոխհարաբերությունների հաստատուն չափորոշիչները:

Հանրապետական կուսակցության կողմից հիմնարար հռչակված նժդեհական գաղափարախոսությունը և դրա համակցումը Հայ Առաքելական եկեղեցու վարդապետության հետ գաղափարական պետություն ստեղծելու ամենանպաստավոր պայմաններն է ստեղծում: Ինչպես նժդեհականությունը՝ որպես գաղափարական հոսանք, այնպես էլ եկեղեցին խիստ անհանդուրժող են այլակարծության նկատմամբ և մոնոլիտ հասարակություն ձևավորելու ջատագով: Դպրոցում, համալսարանում, բանակում կրոնական կրթությունը պարտադիր է, իսկ ռազմահայրենասիրական-նժդեհական դաստիարակությունը՝ անհրաժեշտություն: Այսինքն ամբողջատիրական հասարակարգի համար խիստ անհրաժեշտ գաղափարական հենքը ապահովված է: Վերոհիշյալից ելնելով՝ առաջնային պլան է մղվում առաջարկվող գաղափարախոսության արդարացիության հիմնավորման անհրաժեշտությունը, որի կենսունակ գործիքներն են ազգայնական պոպուլիզմը և գաղափարական դեմագոգիան, ավանդապաշտությունը և այլն:

2. Առաջին կետում նշված չափորոշիչների գործնական և կոշտ վերահսկողություն:

Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական ուժերի թվաքանակը գերազանցում է մեկ տասնյակ հազարը: Այսինքն մեկ բողոքող քաղաքացուն միջին հաշվարկներով բաժին է հասնում երեք ոստիկան: Բացի այդ, Ազգային անվտանգությունը քողարկված մեխանիզմների միջոցով վերահսկում է գրեթե բոլոր քաղաքացիներին, որոնց մի զգալի հատվածն այս կամ այն կերպ ցանցային տրամաբանությամբ կապված է հատուկ մարմինների հետ: Ոչ ոք չի կարող բացառել, որ գերկենտրոնացված այդ ուժերը մի օր չեն կարող վերածվել պատժիչ ջոկատների: Հեռուստաեթերում սահմանված է հատուկ ցենզուրա, համացանցային մամուլի առյուծի բաժինը վերահսկվում է իշխանությունների կամ նրանց ազդեցության տիրույթում գտնվող անձանց կողմից: Սա էլ իր հերթին հանգեցնում է պլյուրալիզմի ամբողջական բացակայությանը, որն է՝ ազատ խոսքի, ազատ մամուլի, բազմակուսակցականության բացառումը (մեր իրականության մեջ Հանրապետական կուսակցությունը նույնացվում է պետականության հետ):

3. Անհատի պաշտամունք (Вождизм, Leaderism)

Առաջարկվող կառավարման համակարգն, ըստ էության, ոչ մի աղերս չունի պառլամենտարիզմի հետ: Պետությունը կառավարվելու է մեկ անհատի կողմից, որը, չունենալով ոչ մի իրավական պարտավորություն, միաժամանակ հանդիսանալու է ազգի անսխալ նավավարը՝ օժտված փրկչի հատկություններով: Այդ անձը լինելու է գործող նախագահը, որը բազմիցս ՄԱԿ-ի և այլ հեղինակավոր ամբիոններից գրողի ծոցը ուղարկելով Հայաստանի թշնամական պետություններին կամ «դոդ» անվանելով իր քաղաքական հակառակորդներին՝ փորձում է այդպիսի իլյուզիա արմատավորել հասարակական շրջանակներում (մասամբ ստացվում է):

4. Միլիտարիզմ

Ամբողջատիրական հասարակարգերի գոյատևման առաջնային ցուցիչն արտաքին թշնամու առկայությունն է: Դրա միջոցով հասարակությունը պարփակվում է հոգեբանական անհաղթահարելի բարդույթների մեջ և դառնում հեշտ վերահսկելի: Այս տեսանկյունից Արցախյան հիմնախնդրի և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների կարգավորումը դառնում է անհնար, քանզի նույն բարդույթների մեջ են շաղախված նաև ադրբեջանական և թուրքական հասարակությունները: Իսկ ռեժիմները սնվում են հենց դրա արդյունքում թմբկահարվող միլիտարիստական և ազգային-ազատագրական դեմագոգիայով: Սա էլ իր հերթին հանգեցնում է քսենոֆոբիայի արմատավորմանը, որը վախի, թշնամանքի արհեստական վերաբերմունք է սերմանում ադրբեջանցիների և թուրքերի հանդեպ:

5. Կորպորատիվիզմ

Հայ հասարակության մեջ անհատը՝ մարդը, արդեն վաղուց դադարել է բարձրագույն արժեք լինելուց, իսկ նրա իրավունքը ստորադասվել է համապատասխան խմբերի կոնկրետ շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել