Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն այժմ գտնվում են վերջին տասնամյակներում ամենավատ վիճակում։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հարաբերություններն այժմ վերջին տասնամյակների ընթացքում վատթարագույն վիճակում են։ Եվ մենք ցավում ենք դրա համար, սակայն միանշանակ նշում ենք, որ Ռուսաստանը չէ այդ իրավիճակի մեղավորը»,-ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան «ագրեսիվ, դավաճանական գործողություն է իրականացրել Ռուսաստանի նկատմամբ»։
 
Նրա խոսքով՝ Թուրքիան նախկինի պես ադեկվատ արձագանք չի տալիս այդ գործողություններին և ներողություն չի խնդրում։
 
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր օկուպացրել է Սիրիայի տարածքի մի մասը, Պեսկովը նշել է, որ թե՛ իրավական, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ պնդումները ճիշտ չեն։
 
«Դրանք աբսուրդային են շատ պարզ պատճառով։ Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերը նախկինի պես Սիրիայի տարածքում գործում են երկրի օրինական ղեկավարության հրավերով, հետևաբար՝ որևէ օկուպացիայի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա։
 
ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։
Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել