Tert.am-ը գրում է.

Իրանի պատժամիջոցների չեղարկումից հետո  ՀՀ տնտեսության  համար լայն հնարավորությունների ասպարեզի մասին բարձրաձայնումները նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անհարկի շահարկում է համարում:


«Իրանի hետ ոչ մի հեռանկար։ ՀՀԿ-ից մարդիկ կանչեք, թող ասեն՝  ահա՜, բացվեց Իրանը, բայց իրականում չկա նման բան ժողովուրդ ջան: Հիմա, երբ Իրանը բաց է՝ այլևս Հայաստանի  կարիքը չունի, իսկ երբ բաց չէր՝ ուներ»,- ասաց նա:


Իսկ թե ինչպես է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն են նաև իրենց հայտարարություններում կարևորել ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը՝ նշելով, թե Հայաստանն Իրանի համար առաջնահերթ պետություն է, Բագրատյանը հարցին հարցով պատասխանեց. «Բա ի՞նչ պետք է ասեր, հլա ու ուրիշ բան ասեր, քաղաքավարի ասում է  ՀՀ-ի հետ պահում է առաջնահերթությունը, ինչը 10 տարի առաջ էլ է ասել, 20 տարի առաջ էլ: Իրականում խնդիրը բարդ է, և ամեն ինչ արվեց, որ արդյունքում Իրանի հետ պակասեն արտաքին առևտրի ծավալները, գործնականում 91թ.-ին բացված կամրջից հետո ոչինչ չի արվել»,- ասաց նա:


Հայաստանը Իրանի համար տարանցիկ երկիր դառնալու համար պարտվում է ոչ միայն Թուրքիային, այլ Ադրբեջանին, նույնիսկ նախաձեռնելով Հյուսիս-հարավ ճանապարհը, որը Բագրատյանի պնդմամբ՝ արվում է դանդաղ և անարդյունավետ օգտագործելով հսկայական վարկերը: «Էրդողանը իր ճանապարհները կառուցում է մեկուկես, երկու տարում, իսկ մենք ի՞նչ ենք անում, մի փոքր հատված ենք կառուցել՝ Աշտարակի ճանապարհը, էն էլ ամեն անգամ վերակառուցվում է: Ես անցյալ տարի գնացի Արևմտյան Հայաստան, կանգնեցի այդ ճանապարհին մեկ ժամ, հաշվեցի իրանական մեքենաների թիվը և հասկացա, թե ինչ է կատարվում: Իրանը մեծ երկիր է, մեծ գործերով և չի կարող սպասել հայերը ինչ-որ բան անում են, թե չեն անում: Վստահ եմ, որ Իրանի դուրն էլ չի  գալիս, որ մենք բալանսից բալանս հանձնեցինք գազամուղը»,- ասաց նա: 


Իսկ հարցին, թե ինչ լուծում կառաջարկի նախկին վարչապետը՝ Բագրատյանը բորբոքվեց. «Էդ էր պակաս, արժանի չեն, ինձ փո՞ղ են տալիս առաջարկ անեմ, արածներն էլ չեն լսում»:


Բագրատյանի խոսքով՝ ոչ ոք չի խոսում հայ-իրանական ինտեգրացիոն պրոյեկտների մասին, որոնք արդեն իսկ պետք է արվեն:


Ինչ վերաբերում է իրանական գազից օգտվելու հնարավորությունից ու արդյոք ՌԴ-ն  դա թույլ կտա, Բագրատյանը հակադարձեց. «Պուտինի թողնելով չի, սուվերեն պետություն ենք: Այսօրվա իշխանությունները լուրջ խնդիր ունեն ՌԴ-ի հետ, այսօրվա թիմը չի կարողանում ՌԴ-ի հետ կոնտակտի մտնել, նախարարը նախարարին չի կարող զանգել, այդ «պլինտուսի» են իջեցրել: Գիտեն ՌԴ-ի հետ միակ ձևը սողոսկելն է, այդպիսի բան չկա, նայած քեզ ոնց ես պահում, եթե դողում ես իշխանությանդ վրա, լեգիտիմ չես ընտրվել, իհարկե դողում ես»: 


Իսկ այն պատճառաբանությունները, թե իրանական գազը իրականում էժան չէ ռուսականից, Բագրատյանը թվերով խոսեց՝ նշելով, թե աշխարհում 1000 խմ գազի գինը դարձել է 85 դոլար, 4 անգամ իջել է: «Է՜ սուտ ասելը դժվար է: Երբ են բանակցել, որ մեկ էլ ասում են էժան չի, այդպիսի բան գոյություն չունի, չի էլ քննարկվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել