Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց նրանց հարցերին:


Զինծառայողների աշխատավարձերի բարձրացման  հարցին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ ԶՈՒ-ի  յուրաքանչյուր  աշխատավարձի փոփոխություն  իրականացվում է  հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է  համապատասխան աշխատավարձի բարձրացում:


Ինչ վերաբերում է սպառազինության հարցերին, ապա նախարարն ասաց, որ այդ հարցերը որոշակի գաղտնիություն են պարունակում, սակայն կոչ արեց, որ հասարակությունը վստահ լինի, որ  Զինված ուժերի ղեկավարությունն ու պետության ղեկավարությունը առավել քան հետևողական են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում: «Պատերազմով անցած մեր բոլոր ղեկավարները դրա անհրաժեշտությունը գտնում են և այդ  ուղղությամբ հետևողական աշխատում ենք: Վստահեք մեր ղեկավարությանը և ԶՈՒ ղեկավարությանը»,- ասաց նա:


Նախարարն ասաց, որ աշխատանքներ են իրականացվում բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ,  և բանակը քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության տակ է գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել