Tert.am-ը գրում է.

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ Իրանն ակնկալում է հինգ անգամ ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալը և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը դա թույլ կտա, նշեց, որ չնայած Իրանն ու ՌԴ-ն էներգետիկ ոլորտում բնական մրցակիցներ են, ամեն դեպքում, այս համատեքստում մենք ավելի շատ գործ ունենք Ռուսաստանի մասնակցային, քան արգելանքային դերակատարության հետ՝ առնվազն ստորագրված քառակողմ հուշագրի մակարդակով:


Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին տեղեկացրել է, որ Իրանը էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը:  Ձեր կարծիքով` Իրանից գազի արտահանման ծավալները կավելանա՞ն և ինչո՞ւ։ Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի` Իրան-Հայաստան գազատարի տրամաչափի քանակը բավարար է՝ ապահովելու այն ծավալը, որն ուզում են տեղափոխել, և որ սա տարածված մոլորություն  է, և իրականում գազատարն աշխատում է իր հնարավորությունների 30 տոկոսով: Այսինքն` դա ՌԴ-ի կողմից քաղաքականապես նպատակահարմար կդիտարկվի՞, թե՞ ոչ:


- Իրանի հետ գազային համագործակցությունը, ուզում եմ հիշեցնել՝ ընթանում է հետևյալ սխեմայով. Իրանը Հայաստանին տրամադրում է գազ, որի դիմաց ստանում է էլեկտրաէներգիա, որի պահանջարկն ունի: Մենք ունենք էլեկտրաէներգիայի արտադրության  մեծ պոտենցիալ, բայց չունենք հնարավորություն այդ էլեկտրաէներգիան հասցնել Իրան: Եվ գազի ծավալներն, ըստ իս, կավելացվեն այն ժամանակ, երբ պատրաստ լինի բարձրավոլտ հաղորդման այս նոր կառուցման էլեկտրագիծը: Այսինքն` այս ծավալները կավելացվեն, որպեսզի Հայաստանը կարողանա արտադրել համապատասխան քանակի էլեկտրաէներգիա և նոր կառուցվող գծով էլ Իրանին մատակարարել: Այսինքն` չեմ կարծում, որ այստեղ քաղաքական խնդիր կա, և նաև դատելով գազի շուրջ Ռուսաստան-Վրաստան բանակցություններից, ռուսական կողմը դեմ չի լինի, եթե Հայաստան- Իրան գազամուղն ավելի ծանրաբեռնված աշխատի:


- Իսկ 5 անգամ ավելի գազի ծավալի ավելացման դեպքում այն պե՞տք է ուղղվի ոչ թե Վրաստան, ա՞յլ ավելացնի Իրան արտահանվող էլէներգիայի ծավալը:


-Հստակ չեմ կարող ասել՝ դա գնալո՞ւ է Վրաստան, թե՞ ոչ, թե դա միայն 3-րդ էլեկտրագիծն է, այսինքն` ասում են: Ըստ որում, միայն իրանցիներն են ասում:


-Ի դեպ, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Իրանը ասում է, ասում է` նաև Հայաստանը, բայց էներգետիկ նախագծերը մնում են թղթի վրա, քանի որ Ռուսաստանը վերջին պահին արգելակում է դրանք:


-Հայաստան-Իրան համագործակցության էներգետիկ հատվածում Ռուսաստանի դիվականացումն  ահռելի չափերի է հասել: Իրականության մեջ նման բան շատ դեպքերում ուղղակի չկա: Տեսեք, նույն էներգետիկ միջանցք ստեղծելու մասին քառակողմ հուշագիրը, որը կնքվեց Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև էլետրաէներգիա տեղափոխելու այդ հարթության մեջ, նոր  ձևաչափով կարող են լինել գազային համաձայնագրերը, այլ համաձայնագրեր: Եվ այս համատեքստում մենք ավելի շատ գործ ունենք Ռուսաստանի մասնակցային դերակատարության, քան արգելանքային դերակատարության հետ՝ առնվազն ստորագրված հուշագրի մակարդակով: Պետք է նշել, անշուշտ, որ Իրանը Ռուսաստանի համար էներգետիկ առումով բնական մրցակից է և սրա շուրջ վիճելն անիմաստ է: Բայց կա մի այսպիսի հանգամանք. առայժմ Իրանն ունի հսկայական անելիքներ, մինչև կկարողանա իր գազը արտահանել Եվրոպա. ստեղծել ենթակառուցվածքներ, այլ քայլեր: Մինչ այդ, խոսել Հարավային Կովկասում Իրան-Ռուսաստան հակամարտության մասին՝ շատ վաղ է և, առհասարակ, Հայաստանն իր տնտեսական քաղաքականությունը, շատ դեպքում նաև` քաղաքական ուղեգիծը պետք է կառուցի` հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերը: Այդպես էլ վարվել է մինչ այժմ և, կարծում եմ, որ այս պահի դրությամբ այդ շահերը առաջ տանելու ուղղությամբ բավարար քայլեր արվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել