Narek SamsonyanԻնչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակման մեջ, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մինչև խաղաղ պայքարի միջոցներին և մարտավարական նրբություններին անդրադառնալը` հարկ եմ համարում հնարավորինս հակիրճ ներկայացնել խաղաղ անհնազանդության միջոցով արդյունքի հասնելու ճանապարհն ու տևողությունը նկարագրող մի քանի կարևոր դրույթներ: Մասնավորապես, քաղաքական պայքարի այս տեսակի պատմությանն ու առավելություններին:

Ինչպես արդեն նշեցինք նախորդ հրապարակման մեջ, խաղաղ անհնազանդությունը որպես քաղաքական գործընթացի միջոց բավականին բարդ քաղաքական կոմբինացիա է: Միևնույն ժամանակ, խաղաղ անհնազանդության արդյունավետությունը բավականին բարձր է՝ չնայած նրան, որ խաղաղ անհնազանդությունը երկարատև գործընթաց է ենթադրում: Խաղաղ պայքարի ընթացքն ու տևողությունը հիմնականում տեղային բնույթ է կրում: Տարբեր երկրներում պայքարի այս տեսակն ունեցել է տարբեր դրսևորումներ և հաջողության է հասել տարբեր ժամանակահատվածներում: Խաղաղ պայքարի հաջողության հասնելու ժամկետները մեծամասամբ կախված են տվյալ հասարակության դիմադրելու կարողությունից, որն էլ անմիջականորեն կապված է հասարակության ներսում առկա մի քանի գործոնների հետ: Օրինակ, մեր երկրում վերջերս հաճախակի է քննարկվում «ինքնակազմակերպվող հասարակություն» եզրույթը, որն իրենից ենթադրում է բավականին զարգացած և դիմադրողականության բարձր հատկանիշներ ունեցող քաղաքացիական հասարակություն, ինչն էլ դեռևս անհնարին է ստեղծել և զարգացնել հետսովետական Հայաստանում: Ինքնակազմակերպվող հասարակությունը հիմնականում հանդիպում է կոնսոլիդացված ժողովրդավարություն ունեցող երկրներում, որոնցում ամբողջությամբ գործում են ժողովրդավարական հասարակության և քաղաքական ինստիտուտները: Մեր նման երկրներում ինքնակազմակերպվող հասարակության մասին խոսելը հիմնականում պայմանավորված է որոշակի կրթական մակարդակ ունեցող անձանց կողմից պոպուլիզմի չարաշահմամբ: Հետևաբար, մինչև ինքնակազմակերպվող հասարակության մասին խոսելը, նախ և առաջ հարկավոր է բարձրացնել հենց հասարակության վճռականությունն ու ինքնավստահությունը, ինչպես նաև դիմադրելու կարողությունները: Հետևաբար, խաղաղ անհնազանդության պայքարի արդյունավետությունն ու տևողությունը հիմնականում պայմանավորված է տվյալ պայքարում ներգրավված անձանցից: Որքան բազմաշերտ և ստվար ներգրավվածություն է ունենում հասարակությունը խաղաղ անհնազանդության գործընթացում, այդքան ավելի արդյունավետ և կարճատև է լինում դրա ավարտը: Բացի ստվար ներգրավվածությունից, հաջողության հասնելու ժամկետների և արդյունավետության վրա էական նշանակություն ունի շարժման մեջ ներգրավված անհատների ինտելեկտուալ կարողությունները, կամ, այլ կերպ ասած, կրթվածության աստիճանը: Որպես ասվածի օրինակ հարկ է մտաբերել 1988 թվականին մեր երկրում սկիզբ առած համազգային շարժումը, որտեղ հիմնականում ներգրավված էին տարբեր ոլորտներում հայտնի մտավորականներ: Ընդհանրապես, տարբեր երկրներում սովետական օկուպացիայի դեմ ծավալված գրեթե բոլոր շարժումների ղեկավար կազմերը բաղկացած են եղել բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող անհատներից:

Խաղաղ անհնազանդության պատմությունն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել տարբեր տևողություններ, նպատակներ և արդյունք ունեցած շարժումների: Օրինակ, Հնդկաստանի ազատագրման համար Մահաթմա Գանդիի առաջնորդությամբ տեղի ունեցած խաղաղ անհնազանդության շարժումը տևեց շուրջ 32 տարի (1915-1947), ԱՄՆ-ում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների» շարժումն ընդդեմ ռասայական խտրականության, որը տևեց շուրջ 10 տարի, Հոլանդիայում կոմունիստական բռնապետությունը տապալելու համար մղված պայքարը տևեց 10 տարի (1980-1990):

Մինչդեռ 1989-ին Արևելյան Գերմանիայում և Չեխոսլովակիայում խաղաղ անհնազանդությամբ ուղեկցված քաղաքական շարժումներն հաջողության հասան երկու շաբաթների ընթացքում: 1944-ին Էլ Սալվադորում և Գվատեմալայում դաժան ռազմական բռնապետության դեմ մղված պայքարներից յուրաքանչյուրը տևեց գրեթե երկու շաբաթ: Իրանում Շահի ռազմականապես հզոր ռեժիմը տապալվեց մի քանի ամիսների ընթացքում: Ֆիլիպիններում Մարկոսի բռնապեությունը 1986-ին շաբաթների ընթացքում տեղի տվեց ժողովրդի ճնշմանը. ԱՄՆ-ի կառավարությունն անմիջապես բաց թողեց Մարկոսին, երբ ընդդիմության հզորությունն ակնհայտ դարձավ: 1991-ին Սովետական Միությունում արյունալի հեղաշրջման փորձը քաղաքական անհնազանդության միջոցով սանձվեց օրերի ընթացքում, որից հետո նրա մաս կազմող և երկարատև կառավարման ներքո գտնվող ազգերից շատերը օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում վերականգնեցին իրենց անկախությունը  (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», հայերեն տպագրություն, 34-35 էջ):  Վերոշարադրյալն ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ այն կարծիքը, թե բռնի միջոցները միշտ ավելի արագ են գործում, քան խաղաղ միջոցներն անհիմն է: Հասարակության ներսում զգալի փոփոխություններ իրականացնելու և հարատև ժողովրդավարական պետություն կառուցելու համար երկար ժամանակ է պահանջվում, սակայն ինչպես տեսնում ենք պատմական փաստերից, նույնիսկ ամենադաժան բռնապետությունների տապալմանն ուղված խաղաղ անհնազանդության շարժումները երբեմն ավելի արագ են հաջողություն արձանագրել:

Խաղաղ անհնազանդության ուժի աղբյուրները

Խաղաղ անհնազանդությամբ կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող հասարակություն և պետություն ստեղծելն այդքան էլ դյուրին չէ: Խաղաղ անհնազանդության շարժում ձևավորելու և արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ է ռազմավարական հմտություններ, կազմակերպվածություն, գործողությունների մանրամասն պլանավորում, բարձր կարգապահություն և քաղաքական ջիուջիցուի հմուտ կիրառում: Վերոգրյալ բաղադրիչների առկայությունը քաղաքական անհնազանդությանն ուժ է հաղորդում, առանց որի շարժումն ուղղակի դատապարտված է տապալման: Խաղաղ անհնազանդությունն արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ է նաև սեփական ուժն արդյունավետ կիրառելու կարողություն ունենալ, առանց որի դրական արդյունքի հասնելն ուղղակիորեն անհնարին է դառնում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպիսի ուժի մասին է խոսքը: Ինչպիսի՞ ուժ պետք է կարողանա մոբիլիզացնել ժողովրդավարական ընդդիմությունը, որը բավարար կլինի արձանագրել համապատասխան քաղաքական արդյունք: Վերոգրյալ հարցերի պատասխաններն ընկած են հաճախակի անտեսվող «քաղաքական ուժ» (political power) հասկացության հիմքում: Այս հասկացությունն իրականում կարևորագույն նշանակություն ունի խաղաղ անհնազանդության շարժումների համար, սակայն, ցավոք սրտի, այն հաճախակի անտեսվում է քաղաքական ուժերի կողմից (հայաստանյան քաղաքական ուժերի պարագայում խոսքերն ավելորդ են): Հասկացության բացատրության ձևը լավագույնս ներկայացված է Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» ձեռնարկում, որին էլ հղում կանեմ ստորև.

«Կապիկի տերը» առակը

14-րդ դարում Լուի-Ջիի կողմից գրված չինական առակը, օրինակ, միանգամայն լավ ընդհանրացնում է «քաղաքական ուժ» մոռացության մատնված հասկացությունը:

Չուի ֆեոդալական պետությունում մի ծեր մարդ կապիկներ պահելով էր պահպանում իր գոյությունը: Չուի ժողովուրդը նրան «ջու-ջոնգ» (կապիկի տեր) էր անվանում: Ամեն առավոտ ծեր մարդը բակում հավաքում էր կապիկներին  և հրահանգում, որ նրանցից ամենամեծն առաջնորդի մյուսներին դեպի լեռները՝ թփերից և ծառերից միրգ հավաքելու: Կարգն այսպիսին էր. յուրաքանչյուր կապիկ իր հավաքածի մեկ-տասներորդը պետք է տար ծեր մարդուն: Նրանք, ովքեր չէին կարողանում անել դա, դաժան ծեծի էին ենթարկվում: Բոլոր կապիկները տառապանքների միջով էին անցնում, սակայն չէին համարձակվում դժգոհել:

Մի օր մի փոքրիկ կապիկ հարցրեց մյուս կապիկներին. «Այդ ծեր մա՞րդն է տնկել մրգատու բոլոր ծառերն ու թփերը»: Մյուսներն ասացին. «Ոչ, նրանք իրենք են աճել»: Փոքրիկ կապիկը հարցրեց. «Մի՞թե չենք կարող հավաքել մրգերն առանց ծեր մարդու թույլտվության»: Մյուսները պատասխանեցին. «Այո, բոլորս էլ կարող ենք»: Փոքրիկ կապիկը շարունակեց. «Այդ դեպքում ինչու՞ պետք է կախված լինենք ծեր մարդուց, ինչու՞ պետք է բոլորս նրան ծառայենք»:

Մինչ փոքրիկ կապիկը կշարունակեր իր խոսքը, բոլոր կապիկների մտքերը հանկարծ  պայծառացան ու նրանք սթափվեցին:

Այդ նույն գիշերը, երբ ծեր մարդն արդեն քնել էր, կապիկները քանդեցին այն ցանկապատի բոլոր պատնեշները, որի մեջ փակված էին և հիմնովին ոչնչացրին այն: Այդտեղից հեռանալիս նրանք իրենց հետ անտառ տարան նաև ծեր մարդու պահոցում պահեստավորված բոլոր մրգերն ու այլևս ետ չվերադարձան: Ի վերջո, ծեր մարդը սովամահ եղավ:

Յու-լի-զին ասում է. «Աշխարհում կան մարդիկ, ովքեր իրենց ժողովրդին կառավարում են խաբեությամբ և ոչ թե արդար սկզբունքներով: Արդյո՞ք նրանք նման չեն կապիկի տիրոջը: Նրանք գաղափար չունեն իրենց սխալ մտածելակերպի մասին: Այն պահին, երբ իրենց ժողովուրդը սկսի ավելի շատ բան տեսնել և հասկանալ, գործադրվող խորամանկությունները կդադարեն արդյունավետ լինել» (Ջին Շարփ, «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն», հայերեն հրատարակություն, 36-37):

Բերված օրինակը, թերևս, ամենադյուրին կերպով է մեկնաբանում հարաբերությունների հարաբերակցությունը ցանկացած տեսակի իշխանության և քաղաքացիների միջև: Ցանկացած տեսակի իշխանության գոյատևման համար անհրաժեշտ է բնակչության հետ համագործակցություն: Բնակչության հետ համագործոկցությունն է հանդիսանում իշխանության ուժի հիմնական աղբյուրը:

Ցանկացած բնույթի իշխանություն հենվում է ժողովրդի կողմից իր լեգիտիմության ընդունման վրա: Ի դեպ, լեգիտիմություն տերմինը ևս մեր երկրում սխալ գործածություն ունի: Գոյություն ունեն լեգիտիմության տարբեր տեսակներ և այստեղ գործածվող լեգիտիմության տեսակը լեգալ լեգիտիմությունն է, որը ենթադրում է մի իրավիճակ, երբ իշխանությունը ժողովրդի շրջանում ստեղծում է այնպիսի վստահություն, որի պարագայում ժողովրդն իր բարոյական պարտքն է համարում ենթարկվել նրանց: Նմանատիպ լեգիտիմության ձևավորման պարագայում մեծանում է իշխանության վերարտադրությանն անհրաժեշտ աղբյուրները և հզորությունը:

Մարդկային անհրաժեշտ ռեսուրսները ևս հանդիսանում են իշխանության ուժի հիմնական աղբյուրները: Այս պարագայում իշխանությունը կարևորում է իր հետ համագործակցող և իրեն աջակցող անհատների և խմբերի առկայությունը: Մարդկային անհրաժեշտ ռեսուրսների պարագայում կարևորվում է նաև նրանց ունեցած գիտելիքների և հմտությունների առկայությունը, որոնք անհրաժեշտ են իշխանությանն առանձին գործողություններ իրականացնելու համար:  Հարկ է նշել, որ թե՛ մարդկային անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը, թե՛ սեփական  լեգիտիմության ընդունմանը հասնելը ամբողջությամբ բխում են բնակչության՝ իշխանության հետ համագործակցությունից: Հակառակ հանրային ընկալումներին՝ նույնիսկ ամբողջատիրական բռնապետությունները կախված են այն ժողովրդից և հասարակություններից, որոնց կառավարում են, և հաճախակի նմանատիպ վարչակարգերը գոյատևում են միայն այն պարզ պատճառով, որ տվյալ հասարակությունն ու ժողովուրդը թերագնահատում է իր դերը:

Հարկավոր է միշտ հիշել, որ ցանակացած իշխանության նկատմամբ ժողովրդական վերահսկելիության աստիճանը կախված է երեք կարևոր գործոններից՝

  1. իշխանության նկատմամբ սահմանափակումներ կիրառելու բնակչության հարաբերական ձգտումից,
  2. իշխանության աղբյուրները հավաքականորեն վերացնելու համար առարկայական անկախ կազմակերպությունների և ինստիտուտների հարաբերական կարողությունից,
  3. բնակչության աջակցությունն ու համաձայնությունը պահպանելու հարաբերական կարողությունից:

Խաղաղ անհնազանդության նախապատրաստվող կառույցների ուժի կենտրոնները

Ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, զարգացած հասարակության բնորոշ գծերից մեկը քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ հասարակական խմբերի և ինստիտուտների առկայությունն է: Ցավոք սրտի, այսօր մեր երկրում նմանատիպ խմբերը բավականին փոքրաթիվ են, ուստի՝ խաղաղ անհնազանդության արդյունավետ շարժում ձևավորելու համար նախ և առաջ հարկավոր է ամրացնելով եղածները ձևավորել նմանատիպ խմբեր և ինստիտուտներ: Այդպիսի խմբերի և ինստիտոտւների օրինակներ են ընտանիքները, մշակութային միավորումները, առևտրային միությունները, ուսանողական միությունները, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, համակարգային քաղաքական կուսակցությունները և այլն:

Վերոգրյալ մարմինները բավականին մեծ քաղաքական նշանակություն ունեն: Նմանատիպ մարմինների առկայության պայմաններում ձևավորվում է ինստիտուցիոնալ բազա, որի միջոցով նրանք կարողանում են ազդեցություն գործել քաղաքական գործընթացների և որոշումների կայացման գործընթացի վրա: Երբ նմանատիպ խմբերը գտնվում են քաղաքական իշխանության ամբողջական վերահսկելիության տիրույթում, հասարակությունը հայտնվում է  անօգնական վիճակում, որն էլ արտահայտվում է համատարած հուսահատությամբ: Պատմությանը հայտնի ամենադաժան բռնապետությունների դեմ արդյունավետ պայքար մղած շարժումների հաջողության հիմնական գրավականն են հանդիսացել հենց նմանատիպ մարմինների անմիջական մասնակցությամբ իրականացված մասսայական համագործակցության մերժման ակցիաները:

Շարունակելի …

Նարեկ Սամսոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել