Մեր օրերի հայտնի և հետաքրքիր մտածողներից մեկը՝ Ժան Բոդրիյարը իր «Սպառողական հասարակություն» գրքում ուշագրավ դիտարկում է անում մեծ խանութների՝ մոլերի հաջողության մասին:
Նա նշում է, որ այդ խանութների հաջողության գաղտնիքը ո՛չ մեծությունն է, ո՛չ ներկայացվող ապրանքների տեսականին, ո՛չ էլ մարդկանց ագահությունը: Գաղտնիքը այն տրամադրությունն է, որ ստեղծված է մոլերում, և դա մշտական տոնի և մշտական գարնան տրամադրությունն է (միջավայրը):

Բայց Բոդրիյարը կսահմանափակվեր այսքանով և չէր փորձի հասկանալ, թե ինչու է մարդուն անհրաժեշտ այդ մշտական տոնի և գարնան պատրանքը, եթե չլիներ իսկական փիլիսոփա: Բայց նա հենց այդպիսին է, նա գնում է մինչև վերջ և փաստում, որ «սպառողական հասարակությունը ինքնախաբեության հասարակություն է, որտեղ հնարավոր չեն անկեղծ զգացմունքներ, իրական մշակույթ, և որտեղ նույնիսկ լիությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մանրազննին կերպով թաքցվող և պաշտպանվող դեֆիցիտի հետևանք»:

Եվ իրոք, ինչի՞ մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ մարդիկ հանդիպում են նշանակում մոլում և մի քանի ժամ շրջում դրանում՝ առանց որևէ բան գնելու նպատակի: Մշտականի տոնի և գարնան պատրանքը, որ ստեղծված է մոլերում ջերմության, երաժշտության, գեղեցիկ տաղավարների և մարդկանց միջոցով, լրացնում է մարդկանց հոգիներում տոնի և գարնան բացակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել