Tert.am-ը գրում է.
Tert.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին դժգոհեց, որ խանութից գնված հավի թարմ կրծքամիսը աղ ու պղպեղով մշակելուց հետո գրեթե կիսվել է: Տիկինը համոզված էր, որ հավի միսը քաշով պակասել է, քանի որ մսից դուրս է եկել ջուրը:
 
ԳԱԱ սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի տնօրեն Դավիթ Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում որպես մասնագիտական կարծիք հայտնեց. «Զուգադիպություն է, որ համեմունքն ավելացնելու ժամանակ է դա տեղի ունենում, դա ավելի շատ պայմանավորված է սենյակային ջերմաստիճան ընդունելով, քանի որ մսամթերքը և, մասնավորապես հավն ունի կեղծման տարատեսակ` ջրի ներարկման միջոցով: Իհարկե ոչ միայն ջուր, այլև ջուրը կապող սննդային հավելումներ, որոնք կուտակվում են, անցնում են սառնարանային ռեժիմ և, բնականաբար, դա վերածվում է սառույցի: Եվ հետո գալուց հետո հալվում է, և մի մասը վերածվում է ջրի»:
 
Սա ըստ, Դավիթ Պիպոյանի, կոչվում է տեղեկատվական և տնտեսական կեղծիք և բացատրեց , թե ինչու. «Որովհետև կոնկրետ ջուրն ու սննդային հավելումները թույլատրված են և առողջության վրա ինչ-որ բացասական ազդեցություն չեն թողնում: Պարզապես ջրի համար վճարում ենք որպես հավ»:
 
Այսինքն` սա տնտեսական կեղծիք է, որը, ըստ սննդի շղթայի ռիսկերի կառավարման մասնագետի, ենթակա է վերահսկողության:
 
Ինչ վերաբերում է նրան, որ խոսքը թարմ հավի մասին է, ԳԱԱ սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի տնօրեն Դավիթ Պիպոյանը հարցրեց՝ իսկ ինչ վստահություն, որ գնված հավը թարմ հավ է, ոչ սառեցված, հետ բերած:
 
«Հայաստանի պարագայում այդքան վստահ լինել, որ ինքը թարմ հավ է... Կոնկրետ ես այդքան վստահ չէի լինի»,-ավելացրեց փորձագետը:
 
Tert.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատեց, որ տեղական մսի որակի հետ կապված ուսումնասիրություն անել իրացման ցանցում հնարավոր չէ:

«Թե ջուրն ինչքան է, ինչքան չի թարմ մսի մեջ, նման ուսումնասիրություն չի արվում, մենք կարող են անել, տեսնել, որ ուղեկցող փաստաթուղթ չկա, որ նախասպանդային, հետսպանդային զննություն չկա»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
 
Ինչ վերաբերում է մսի մեջ հակաբիոտիկների ու հորմոնների առկայությանը, ապա Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նման ուսումնասիրություններ կարող է անել միայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, քանի որ միայն երևանյան շուկայում միայն մեկ մոնիտորինգային ծրագիրը 4-5 միլիոն արժե:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել