Tert.am-ը գրում է.

Հայաստանում սպառողներին խաբում են գրեթե ամեն քայլափոխի, բայց նրանց շահերը պաշտպանող պետական կառույց, ըստ էության, չկա. այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:


«Մեր երկրում չկա պետական մարմին, որն այս գործում վերահսկելու պարտավորություն ունի: Սպառողների շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության կոմիտեն  լուծարվել է, իսկ եթե ֆունկցիաների վերաբաշխում է լինում, պետք է ուրիշի վրա դրվի, որը չկա: Ուր գնանք, գնա՞նք ՏՄՊՊՀ՝ մի պատասխան կտան, որն իմ պայուսակում մեկ կիլոգրամով կա. իրենց չի վերաբերում»,- ասաց նա:


Ինքն անձամբ դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, հարցել, թե ինչու են այդ կառույցը լուծարել, պատասխան է ստացել, թե ՝ «չի լուծարվել, սպասեք, տրանսֆորմացիա է արվել»:


Պետական կառույցների փոխարեն, ըստ նրա, օր օրի ավելանում են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կառույցները, որոնք էլ գնալով բողոքի հետքերով շատ ժամանակ հանդիպում են պատի: «Սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ներ կան,  բայց ինչ են անում, ես կոնկրետ խոսում եմ, խփվում եմ պատեպատ, բայց ոչ միշտ  է հաջողվում խնդրին լուծում տալ: Դիմում ենք այստեղ, այնտեղ, բայց ցավոք հարցը մնում է մեզ վրա, դրա համար պետք է լինենք հետևողական, փորձենք տնօրենի հետ հարցը լուծել»,- ասաց նա:


Նա խաբելու օրինակներ բերեց, թերևս ամենատարածվածը, որ զեղչ է հայտարարվում: «Եթե 70% զեղչ է փակցված, նշանակում է գոյություն ունեցող ամբողջ ապրանքների վրա է, մինչդեռ պարզվում ներսում այլ պատկեր է, դրսում՝ այլ: Այսինքն՝  շփոթության մեջ են գցում»,- ասաց նա:


ՀԿ նախագահը նշեց մեկ այլ օրինակ՝  սուպերմարկետների ձեղնահարկներում ամսաթվի պիտակները փոխում են: «Բայց մենք չենք կարող դա հաստատել, որովհետև չենք կարող դա արձանագրել, պետք է մեզ հետ գերատեսչությունից գան, տեսնեն, նման բան կա, թե՝ ոչ»,- ասաց նա:


Այդուհանդերձ, Արմեն Պողոսյանը պնդեց, թե բավական դրական միտում կա շուկայում, որը սպառողների զգոնության արդյունքով է: «Եթե 8-10 տարի առաջ համեմատենք, կտեսնենք, որ լավացել է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել