Ժողովրդավարացման ճանապարհների, ընթացքում հանդիպող խոչընդոտների և վերջնարդյունքում ձևավորվող կոնսոլիդացված ժողովրդավարության մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, սակայն ինչպիսի՞ ժողովրդավարացման գործընթացի է հանգեցնում խաղաղ անհնազանդությամբ ձեռք բերված հաղթանակը:
Խաղաղ անհնազանդությամբ իշխանափոխության հասնելու արդյունքում տվյալ երկրի և հասարակության համար սկսվում է հերթական կարևորագույն փուլը: Ինչպես նախորդ մասերում արդեն արձանագրեցինք, խաղաղ անհնազանդությունը նախ և առաջ հասունացնում է հասարակությանը, ամրացնում է սոցիալական անկախ խմբերը, սկիզբ է դնում ամուր քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Խոսվեց նաև այն մասին, որ բռնությամբ ձեռք բերված իշխանափոխությունը դեռևս խաղաղության և ժողովրդավարական հասարակություն կերտելու երաշխիքներից չէ, և պատմությունը բազմիցս ապացուցել է, որ բռնությամբ իշխանության եկածները հաճախ ավելի դաժան բռնապետական կարգեր են ստեղծում երկրում: Այդուհանդերձ, խաղաղ անհնազանդության դեպքում ևս ամբողջությամբ չի երաշխավորվում հաջորդ իշխանությունների ժողովրդավարական լինելը, սակայն, ի հակադրություն բռնի պայքարի, այն բարենպաստ պայմաններ է ստեղծում հասարակության կողմից քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:
Խաղաղ անհնազանդության շարժման առաջնորդները կարող են ազդեցություն ունենալ և ճնշում գործադրել իրենց հետևորդների վրա, բայց նրանք չեն կարող բանտարկել կամ բռնությունների ենթարկել նրանց: Խաղաղ անհնազանդության հաղթանակի արդյունքում բնակչությունն արդեն գործնականում տիրապետում է դիմադրության անհրաժեշտ միջոցներին, որոնց օգնությամբ նրանք կկարողանան ամբողջական վերահսկողություն սահմանել ցանկացած քաղաքական իշխանության նկատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել