Johnson & JohnsonJohnson & Johnson ընկերության պատմությանը դեռ ես կանդրադառնամ, սակայն այսօր կներկայացնեմ Մոսկվայում գտնվող մասնաճյուղի կորպորատիվ մշակույթը, որը հուսով եմ Ձեզ մոտ նոր մտքերի հիմքը կլինի: Այստեղ յուրաքանչյուր աշխատակից ունի իր տարեկան պլանն ու անձնական  աճի գրաֆիկը: Միջինում յուրաքանչյուր աշխատակից տարվա ընթացքում երկու անգամ ՄԵԾ թրեյնինգ է անցնում ու օն-լայն:

Այստեղ բացառվում է «Պարոն ու ազգանուն»  դիմելաձևը, բոլորը միմյանց «դու»-ով են դիմում, կամ անունով: Ընկերությունում գործում է դրես-կոդ, սակայն աշխատանքի գալու ժամերը տարբեր են: Ամեն աշխատող ինքն է որոշում, թե որ ժամին է իրեն հարմար աշխատանքի գալ՝ 8.00, 9.00, թե 10.00-ին: Աշխատանքային ժամերը որոշվում է 6 ամսվա համար ու աշխատակիցը 6 ամիս աշխատանքի է գալիս օրինակ 10.00-ին, հետո արդեն կարող է փոխել ժամը:
Johnson & Johnson ընկերությունում գոյություն ունի նաև «վաղ ուրբաթ» հասկացություն, որը կիրառվում է հիմնականում ամռանը: Աշխատակիցները կարող են երկուշաբթի օրվանից մինչև հինգշաբթի օրն աշխատել մեկ ժամ ավել, իսկ ուրբաթ օրը տուն գնալ ժամը 14.00-ից: Ընկերությունում շատերն ասում են, որ այս քայլը հարմար է նրանց համար, ովքեր գնում են քաղաքից դուրս հանգստանալու:
Ամեն տարի աշխատակիցները հավաքվում են տարեկան հաշվետվության: Յուրաքանչյուր պլանը կատարած աշխատակից ստանում է նվեր, օրինակ այս տարի iPad Air են նվեր ստացել: Սովորաբար HR բաժինը հարցում է անց կացնում ընկերության ներսում, թե աշխատակիցներն ի՞նչ կցանկանային բարելավել և լուծում են այդ հարցը: Օրինակ՝ նման հարցումներից մեկի ժամանակ բացահայտվել էր մի խնդիր՝ աշխատակիցները ցանկանում էին, որ ընկերությունն ուշադրություն դարձնի նաև իրենց ընտանիքներին: Թոփ-մենեջերների հետ քննարկումներից հետո արդեն յուրաքանչյուր իրադարձություն նշվում է ընտանիքի անդամների հետ, օրինակ՝ երեխաների օրն աշխատակիցները փոքրիկների հետ են գալիս աշխատանքի, որտեղ նրանց սպասվում են անակնկալներ, հետաքրքիր ժամանց, իսկ առողջության օրվա առթիվ արդեն աշխատակիցների ծնողներին են հրավիրում, նվերներ տալիս:
Բոլոր աշխատակիցներն աշխատում են «Օփընսփեյս», այսինքն բաց տարածքում, միայն ղեկավար կազմն ունի առանձին սենյակներ: Ընկերությունում գործում է «մաքուր սեղանի» կանոնը: Այսինքն յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում բոլոր աշխատակիցները պետք է սեղանը մաքրեն, թղթերը տեղադրեն թղթապանակներում և դարակներում: Եթե սեղանին ինչ-որ իր է լինում, ապա ղեկավարից նկատողություն է ստանում տվյալ աշխատակիցն ու իր թղթերը գնում է վերցնելու անվտանգության բաժնից: Յուրաքանչյուր աշխատակից ունի սննդի գումարի սահմանափակում, այսինքն ամեն մեկի սնունդը հոգում է ընկերությունը, բայց որոշակի գումարի սահմաններում, մնացածն աշխատակիցն ինքն է վճարելու, բացի այդ աշխատակիցներն ապրանքները կարող են գնել զեղչերով:
Հ.Գ. Ինչևէ, հուսով եմ HR մենեջերների համար օգտակար տեղեկատվություն եղավ, որն էլ ավելի կնպաստի մեր գործարար միջավայրի բարելավմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել