Tert.am-ը գրում է․
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…Հայ առաքելական եկեղեցին և նրա հետևորդները փետրվարի 7-ից մտնում են Մեծ Պահքի շրջան։ 48 օրվա մեջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ոչ միայն համեղ ուտելիքներից, այլև հոգևոր խեղումներից ու մեղքերից։  Նախկինում Պահքից առաջ էլ հենց տոնվում էր Բուն Բարիկենդանը, որի ժամանակ տոնակատարություններ են անցկացվում՝ առատ սեղաններով։ Մարդիկ միմյանց տրամադրում էին Մեծ Պահքին։

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցին աստիճանաբար վերադարձնում է տոնական ավանդույթները:  

Քահանան նշեց, որ այսօր ժամը 11:00-ին, մատուցվելու է Սուրբ պատարագ, որից հետո` 13:30-ին, թեմի երիտասարդները, համայնքների հավատացյալները, ազգագրական երգի ու պարի համույթները, Երևանի տարբեր համայնքները ներկայացնող մշակութային խմբերը հավաքվելու են Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ և ժամը 14:00-ից մեկնարկելու է տոնական շքերթը՝ դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսված են տարբեր միջոցառումներ: Նրա խոսքով՝ շքերթին երիտասարդները կլինեն դիմակներով:

Տեր Պետրոսի խոսքով՝ Բուն Բարեկենդանին թույլատրվում է ուտել ամեն ինչ, տոնել, խաղերի մասնակցել, իսկ արդեն հաջորդ օրվանից, երբ մեկնարկում է 48 -օրյա Մեծ Պահքը, պետք է անցնել ժուժկալ սննդակարգի ու վարքի: «Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից»,-ասաց նա և նշեց, որ իսկ տոնին պարտադիր է ճոխ սեղանները:

«Ինչպես ժողովրդական խոսքն է ասում` «Բուն Բարեկենդանին ձվով փակում են բերանները, որ Սուրբ Հարության տոնին ձվով էլ բացեն»»,-եզրափակեց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել