ՀԻՍՈՒՍ ասում է.
- Զգո՛ւյշ եղեք, Աստծու հանդեպ ձեր պարտավորությունները մարդկանց ներկայությամբ մի՛ կատարեք ի ցույց նրանց, որովհետև այդ դեպքում վարձատրություն չեք ստանա ձեր երկնավոր Հորից։
Երբ ցանկանաս ողորմություն անել, փող ու թմբուկով մի՛ արա դա՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում՝ մարդկանցից փառավորվելու ակնկալությամբ։ Վստա՛հ եղեք, դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ Ընդհակառակը, երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը։ Այսպիսով քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։
- Նմանապես, երբ դու աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուներում կանգնած աղոթել, որպեսզի մարդիկ տեսնեն իրենց աղոթելը։ Վստա՛հ եղեք, դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և ծածո՛ւկ աղոթիր քո երկնավոր Հորը։ Եվ քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կհատուցի հայտնապես։
Աղոթք անելիս մի՛ շատախոսեք հեթանոսների նման, որոնք կարծում են, որ եթե երկար աղոթեն, լսելի կլինեն։ Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նույնիսկ երբ դեռ բան չեք խնդրել նրանից... Այո՛, եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները։
- Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք կախում են իրենց երեսը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Վստա՛հ եղեք, միայն դա՛ է նրանց վարձատրությունը։ Ընդհակառակը, երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ծոմ ես պահում, այլ միայն քո Հայրը, որ անտեսանելի է. և քո Հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։
- Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը
փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն։ Այլ ձեր հարստությունը երկնքու՛մ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը։
(Մատթեոսի ավետարան 6:1-21)
Սիրո այս սկզբունքո՛վ ընթացեք՝ գիտենալով, թե ի՛նչ ժամանակում ենք ապրում։ Ժամանակն է, որ թոթափենք քունը և արթնանանք, որովհետև փրկությունն այժմ ավելի մոտ է մեզ, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն ահա անցնում է, և մոտ է ցերեկը։ Ուստի հեռանանք խավարի գործերից և մեզ վրա վերցնենք լույսի զենքերը՝ ապրելու համար այնպես, ինչպես վայել է լույսի մեջ քայլողներին, փոխանակ ապրելու անառակությամբ և հարբեցողությամբ, խառնակությամբ և պղծությամբ կամ նախանձով և հակառակությամբ։ Ձեզ վրա վերցրեք Տեր Հիսուս Քրիստոսի նկարագիրը և հետամուտ մի՛ եղեք մարմնի ցանկությունները կատարելու։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 13:11-14)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել