Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, սեփականության վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու համար խստացվելիք քայլերին, ինչպես նաև նրանց  տրվող հաճախ խիստ առատաձեռն նվիրատվություններին առնչվող խնդիրներին: Ըստ նախարարի՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերին ներկայացվող պահանջների խստացումը համընթաց է միջազգային փորձին։


- Դուք հայտնել էիք, որ մշակվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին վարչական , ինչպես նաև՝ քրեական պատասխանատվություն ենթարկելու նախագիծ՝ իրենց գույքի, սեփականության վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելու համար: Ինչ դիտարկումների, տվյալների, վերլուծության հիման վրա է առաջացել նման նախագծի անհրաժեշտությունը, այսինքն՝ ենթադրվում է, որ եղել են, այսպես ասած, նախադեպեր, եթե կարող եք նշեք, եթե ոչ կոնկրետ անձանց անուններ, ապա անձանց շրջանակը՝ դրանք ԱԺ պատգամավորնե՞ր են, թե՞ նախարարներ:


- Մեր կողմից կարևորվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման գործընթացը՝ որպես հակակոռուպցիոն արդյունավետ գործիք, ուստի մշտապես միջոցներ են ձեռնարկվում հայտարարագրերին ներկայացվող պահանջների կատարելագործման, հայտարարագրման առավել թափանցիկ և հաշվետվողական ընթացակարգերի ներդրման համար: Անընդհատ ուսումնասիրվում է լավագույն միջազգային փորձը, փորձ է կատարվում համընթաց քայլել այս ոլորտում առկա զարգացումներին,որոնք վկայում են, որ հայտարարագրերին ներկայացվող պահանջների խախտման համար պատասխանատվություն է սահմանվում բազմաթիվ երկրներում: Այդ իսկ պատճառով ներկայացվել են ընթացակարգեր պաշտոնատար անձանց կողմից իրենց գույքի, եկամուտների վերաբերյալ սխալ, ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն սահմանելու համար՝ նախատեսելով բավական բարձր տուգանքներ: Ինչ վերաբերում է, Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ օրենսդրության համապատասխան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը իրականացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ուստի իրավասություն չունեմ հարցին պատասխանելու:


- Հայտնի է, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այսպես ասած, փոխկապակցված անձանց վրա են գրանցում  իրենց ունեցվածքը, ի՞նչ նոր մեխանիզմներ են ներդրվելու այդ սողանցքը փակելու համար: Բացի այդ, շատ բարձրաստիճան անձինք նշում են, որ տասնյակ հազարավոր դոլարների նվիրատվություններ են ստացել՝ դրամական ու գույքի տեսքով իրենց ընկերներից, քավորներից, սանիկներից և այլ օտար անձանցից: Նախ, Ձեզ համար, իբրև արդարադատության նախարարի որքանո՞վ է սա հավաստի և երկրորդ՝ ի՞նչ մեխանիզմներ են լինելու նախագծում ընդդեմ այս «նվիրատվությունների» մեխանիզմի:


- ՀՀ օրենսդրության համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանված է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, այլ նաև նրանց հետ փոխկապակցված անձանց համար, այսինքն՝ վերլուծության են ենթարկվում ոչ միայն պաշտոնատար անձի, այլ նաև նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակների եկամուտները և գույքը: Բացի դրանից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել ոչ միայն պաշտոնատար անձի, այլ նաև նրա հետ փոխկապակցված անձի հայտարարագրում սխալ, ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար: Ինչը նշանակում է, որ փոխկապակցված անձանց հայտարարագրերում սխալներ կամ կեղծիքներ հայտնաբերվելու դեպքում նույնպես պատասխանատվություն կսահմանվի:

 

Անդրադառնալով Ձեր հարցի երկրորդ մասին՝ ցանկանում եմ նշել, որ առաջարկվող նախագծով բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին իրավասություն է վերապահվում բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում սխալ, ոչ ամբողջական կամ կեղծ տվյալ ներկայացնելու, կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը, ուստի եթե գործի քննության ընթացքում պարզ դառնա, որ ներկայացված է կեղծ տեղեկատվություն, օրինակ՝ անձը նշել է, որ ստացել է նվիրատվություն իր սանիկից, սակայն իրականում չի ստացել, ապա դա հիմք կհանդիսանա նրան պատասխանատվության ենթարկելու և վարչական տույժ նշանակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել