Մենք կորցրել ենք մասշտաբի զգացողությունը, թացը չորից տարբերելու կարողությունը։ Ամենաչնչին դեպքը դարձնում ենք հանրային օրակարգի թեմա ու էդ աղմուկ-«ղալմաղալի» մեջ աննկատ մարսում ամենաաբսուրդ երևույթները։

Մեզ համար արդեն նորմալ է դարձել, որ ամբողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած անձի տնից գողանում են հարյուր հազարավոր դոլարներ, ու մեր իրավապահները հենց նոր սիմվոլիստական պոեզիա կարդացած պապուասի դեմքով հայտարարում են, թե չգիտեն՝ ով է գողը...
Նորմալ է, որ մեր վարդագույն ծայրա... էէէ, «ծայրագույն վարդապետը» հարյուր տարվա լրբի «ամոթխածությամբ» պառկում է օտար անթրաշի տակ՝ սազ-քյամանչան ձեռքին օրհնելով այն ...աթը, որ ռուսը մտավ... կամ մտցրեց երևի, լավ չեմ հիշում։
Նորմալ է, որ միայն ռետինի տեղն իմացող մեր ճարտար պետերը սրբում են քաղաքի հնությունները՝ անձնվիրաբար ներառելով դրանք Հին Երևան ծրագրի մեջ, որն արդեն 4-5 տարի ուժգին... մեկնարկում է։
Նորմալ է, որ ազգիս «անկախության սիմվոլը» նույնիսկ բաջանաղի ծննդին Եվրամիության դրոշով է գնում...
Նորմալ է, որ կաթը բերանին չչորացած մերօրյա «ազատամիտ» քաղաքական ռահվիրան մի անգամ քաղմաս ընկնելուց հետո իրեն Մահաթմա Գանդի է զգում ու էնպես հալածյալ սրբի դիմակ հագնում, որ ակամայից գլխին փշե պսակ ու կողքը մաքսավոր-առաքյալներ ես փնտրում...

Ու կյանքի լուսանցքում հայտնված, արխիվների մեջ պատմական ճշմարտություններ որոնող ու անցյալի փառապանծ էջերով ապրող խունացած մտավորականությունն էլ է նորմալ... Դիահերձումը միշտ էլ բժշկությունից ավելի հեշտ է եղել ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել