Գոնգեղը (брюква), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։

Քիմիական բաղադրությունն ու օգտակար ազդեցության ոլորտը։

Արտաքուստ գոնգեղը նման է շաղգամին, սակայն կեղեւն անհամեմատ կոշտ է, արմատապտղի հողից դուրս աճող մասը` մուգ յասամանագույն, իսկ ստորինը` դեղնասպիտակավուն: Բնության գույները մեծ իմաստ են պարունակում, տվյալ դեպքում հուշում են, որ գոնգեղի դեղնականաչավուն պտղամիսը, հավանաբար, անտոցիաններ են պարունակում: Վերջերս գոնգեղում հայտնաբերվել է «cyanoglucosa», արմատապտուղը պարունակում է 4.6% շաքար, գլյուկոզերիոլին ու այլ գլյուկոզիդներ: Գոնգեղն ունի նիհարեցնող ու հակադիաբետիկ հատկություն: 100գ հումքի էներգետիկ արժեքը 38 կկալ է: Բույսի խոշոր, հաճախ խաչի տեսք ունեցող, մսոտ, հյութալի տերեւները պարունակում են մանանեխի յուղ, որը պաշտպանում է քայքայումից գոնգեղի հիմնական հարստությունը հանդիսացող ասկորբինաթթուն (25-70մգ, 100գ հումքի մեջ ): Ձմռան ընթացքում ու ջերմային մշակման ժամանակ տրոհվում է C վիտամինի ընդամենը 15-20%-ը: Բույսը պարունակում է մանրէասպան նյութ՝ ֆիտոալեքսին: Հյութն օգտագործում են վերքերի ու այրվածքի բուժման համար:

Գոնգեղը եփում են փակ տարայում, քիչ ջրի մեջ: Պտղամիսը պարունակում է 0.16% ճարպ, 1.08% սպիտակուց, 8.62% ածխաջրեր, այդ թվում` 2.3գ սննդային մանրաթել 100գ պտղամսում: Խորհուրդ է տրվում փորկապության դեպքում:

Գոնգեղն օգտակար է ոսկրերի փխրունության դեպքում. պարունակում է ոչ մեծ քանակությամբ կալցիում (Ca)՝ 43մգ (4%), մագնեզիում՝ 20մգ (6%), ֆոսֆոր՝ 53մգ (8%) (փակագծերում բերված թվերը ցույց են տալիս, թե որքանով է բավարարվում չափահաս մարդու 1 օրվա պահանջարկը): Ca:Mg=2.15:1, Ca:P=1:1.23 հարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար ու նպաստում է սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին: Նույնը կարելի է ասել կալիում (K)` 305մգ (10%), նատրիում՝ 12մգ (1.2%) հարաբերության մասին. K:Na=25.4: Լավագույնն են համարվում այն մթերքները, որոնց մեջ պարունակվող K:Na հարաբերությունը մոտ է 20-ի (կարտոֆիլ՝ 568:28, ոլոռ՝ 873:33, վարունգ՝ 141:8, կեռաս` 233:13, այլ, ծիրան՝ 305:30):

ԳոնգեղԳոնգեղի արմատապտուղը պարունակում է նաեւ վիտամիններ. B1՝ 8%, B2՝ 3%, B3՝ 5%, B6՝ 8%, B9՝ 5%, C՝ 30-100%:

Միկրոտարրեր. երկաթ՝ 3%, մանգանեղ՝ 6%, ցինկ՝ 3%: Իր «նախահայրը» հանդիսացող կաղամբից գոնգեղը ժառանգել է ծծումբ պարունակող ինդոլներ: Ծծումբը, լինելով կպչուն նյութ, «հավաքում» է կանցերոգեն ու այլ վնասակար նյութերը: Ինդոլային նյութերն ունեն հակաքաղցկեղային ազդեցություն, իսկ C վիտամինը պաշտպանում է հյուսվածքներն օրգանիզմում անընդմեջ գոյացող ազատ ռադիկալների քայքայիչ «հարձակումներից»:

Գոնգեղի հում, եփած, խորոված կամ տապակած արմատապտուղը խորհուրդ է տրվում ուտել որպես միզամուղ, խորխաբեր միջոց ու նաեւ քրոնիկ փորկապության դեպքում

Դեղատոմսեր

Չոր հազ. գոնգեղի պտղամիսն աղացեք, խառնեք մեղրի հետ (2:1), 2 թ.գ. լուծեք 100մլ գոլ ջրում, չափաբաժինը խմեք օրը 4-5 անգամ: Կամ. պտղամսի մի մասը հեռացրեք ու փոխարենը լցրեք մեղր, ծածկեք, զմռսեք խմորով, 1-2 օր թողեք տաք տեղում: Խմեք 1-ական թ.գ. մեղրահյութ՝ օրը 4-5 անգամ: Ի դեպ, այս հյութը սիրում էր խմել Նիկոլայ 2-րդի որդի Ալեքսեյը:

Շնչուղիների քրոնիկ հիվանդություններ.

500գ գոնգեղը մանր կտրտեք, շոգեխաշեք 50գ կարագի ու 50մլ ջրի մեջ, կիպ փակված կաթսայում, կրակը անջատելուց 30 րոպե անց, ավելացրեք 50գ մեղր, խառնեք: Կերեք ընկույզի հետ:
Արթրիտ, կալցիումի անբավարարություն. խմեք 100-ական մլ գոնգեղի պտղամսից քամված թարմ հյութ՝ օրը 2 անգամ, 1ճ.գ. մեղրի հետ:

Օրգանիզմը մաքրող. գոնգեղը մանր կտրտեք, շոգեխաշեք թույլ աղաջրի մեջ, կերեք թթվասերի կամ մածունի հետ:
Այրվածքներ, թարախային վերքեր. դրեք թրջոց գոնգեղից ստացված հյութով:

Առողջարար աղցան.

500գ արմատապտուղը կտրտեք, շոգեխաշեք, խառնեք 100գ մանր կտրտած կանաչ սոխի հետ: Ճզմեք 1 միջին սխտորի ատամիկներն ու խառնեք մածունի կամ թթվասերի հետ, լցրեք աղցանի վրա, ըստ ճաշակի համեմեք կծու պղպեղով եւ աղով:

Հակացուցված է աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում: Խորհրդակցեք բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել