Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում հաջորդ շաբաթվա ընթացքում արտահերթ նստաշրջանի հարց չկա: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ավելացնելով.«Չկա նման  բան, չեմ կարծում, որ կլինի»:

 

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ «Հանրապետական» խմբակցությունը չի կարող սպասել մինչև փետրվարի 21-ի հերթական քառօրյան, որովհետև նախ, երրորդ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականից հետո պետք է նոր ՄԻՊ ընտրվի և երկրորդ` կառավարությունը պետք է կառուցվածքային փոփոխություններ անի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունների արդյունքում Տարածքային կառավարման նախարարությունը հանձնելով դաշնակցականներին: Եվ քանի որ թե՛ Հանրապետականից, թե՛ Դաշնակցությունից նշում են, որ մեկ շաբաթվա ընթացքում  համագործակցության ձևաչափով արդյունքներ կլինեն, ենթադրվում է, որ արտահերթ նիստը պետք է լինի փետրվարի 8-ից հետո:



Դատելով Վահրամ Բաղդասարյանի պատասխանից, դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Ի պատասխան հարցի էլ, թե ինչ նորություն կա բանակցություններից, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց.«Այսօրվա ամենաթարմ նորությունն այն է, որ զանգահարեցիք և հարցրեցիք, թե արտահերթ նիստ լինելո՞ւ է»:


Հիշեցնենք, որ փոխարենը, փետրվարի 12-ին լինելու է ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեն և քվեարկվեն ՄԻՊ–ի 3 թեկնածուները. ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյան, ՕԵԿ–ի առաջադրած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան և ԲՀԿ-ի կողմից` Մակար Եղիազարյան:

 

Այն թեկնածուն, որ կստանա առավելագույն ձայներ կներկայացվի ԱԺ լիագումար նստաշրջանի քննարկմանը, իսկ երկու առավելագույն ձայների դեպքում` կանցկացվի 2-րդ փուլ, որից հետո հաղթած թեկնածուն նորից կներկայացվի ԱԺ լիագումար նստաշրջանի քննարկմանն ու քվեարկությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել