Tert.am-ը գրում է.

«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը այնքան էլ հակված չէ կարծելու, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ թանկացել է գյուղմթերքը:

 

«Եթե անգամ թանկացել է, ապա այստեղ արտարժույթի հարց կա, դրամն անցած տարվա համեմատ արդեն գրեթե 20 տոկոսով արժեզրկվել է, եթե նկատի ունենանք, որ դոլարն անցած տարի արժեր 410, այսօր 495 դրամ: Այսինքն` եթե ներկրվող ապրանքների վրա այդ արժեզրկումը, բնականաբար կազդեր»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը` մեկնաբանելով  մամուլի հրապարակումը, որ այս տարվա հունվարին անցած տարվա դեկտեմբերի համեմատ պարենամթերքը թանկացել է 5, իսկ գյուղմթերքը` 31 տոկոսով,նշեց, որ դա վերաբերում է միմիայն ներկրված գյուղմթերքին:

 

Հիշեցենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ այս տարի որոշ մթերքների գնաճի տարօրինակ միտումներ են արձանագրվել և չնայած , այս ամիսներին թանկացումը հայկական շուկային բնորոշ է, սակայն ոչ այս չափով։ «Համեմատության համար նշենք, որ անցած տարի հունվարին 2014 թ. դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել էին ընդամենը 14 տոկոսով»,– գրել էր թերթը։

 

Ավելին` Հրաչ Բերբերյանը ոչ միայն համաձայն չէ թերթի դիտարկման հետ, որ կարտոֆիլը անցած տարվա համեմատ թանկացել է, դեռ ավելին` պնդում է, որ մի բան էլ պակաս է:
 

«Խոսքը 5-7 տոկոսի մասին է: Այսինքն` անցած տարի 250 դրամ էր, այս տարի` 200-220 մանրածախ, լավ ընտիր կարտոֆիլը: Իսկ ոչ ընտրովի կարտոֆիլը` 130-150: Այնպես որ,  դեռ կարտոֆիլի հետ խնդիր չունենք: Ինչ վերաբերում է մրգին, խնձորը` պահպանված, սառնարանային տնտեսություններում գտնվող, գիտեք` անցած տարվա համեմատ էլի բավականին մատչելի է»,– ասաց նա:

 

Հիշեցնենք, որ գնաճի նման ցատկը պայմանավորվել էր նրանով, թե հնարավոր է` կա  կարտոֆիլի դեֆիցիտ` կամ հայտարարվածից զգալի քիչ բերքով, կամ արտահանման մեծ ծավալներով։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել