Միջազգային շուկայում նավթի գնանկումը և ադրբեջանական մանաթի արժեզրկումը անդրադարձել է նաև Իլհամ Ալիևի քարոզչամեքենայի՝ սուլթանական ԶԼՄ-ների վրա: Շատ լրատվամիջոցներ փորձում էին այս ընթացքում ցույց չտալ, որ իրենք էլ են վատ վիճակում, սակայն դա երկար քողարկել հնարավոր չեղավ: Իլհամ Ալիևի աշխատակազմի վերջին «պրոեկտներից»՝ haqqin.az-ի նախկին գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը գրառում է կատարել կայքի լրատավական բաժնում և նշել, որ չնայած գոյություն ունեցող դժվարություններին ինքը մտադրություն չունի հրաժարվել haqqin.az-ից: Ի դեպ, վերջին օրերին սույն էլեկտրոնային ԶԼՄ-ն ավելի շատ հիշեցնում է խորհրդային «Պրավդան»՝ միայն պաշտոնական տվյալներ է հաղորդվում, ոչ մի հոդված կամ վերլուծություն: Կարելի էր ենթադրել, որ իշխանությունները ցանկանում են խլել սույն կայքը իր «տիրոջից»՝ նախկին քաղբանտարկյալ Է.Ֆաթուլաևից, որը ժամանակին անխնա քննադատում էր Ալիևյան կլանը և մեղադրում վերջինիս ամենահայտնի ներկայացուցչին՝ երկրի նախագահ Ի.Ալիևին լրագրող Էլմար Հուսեյնովի սպանությունը պատվիրելու մեջ, բարձրաձայն կասկածում էր «խոջալուի ցեղասպանության» մեջ հայերի մասնակցության վերաբերյալ, սակայն մինչև հիմա կայքում տեղադրվող նյութերը ապացուցում են, որ առանց կայքը խլելու էլ ալիևյան «սոխակ» Ֆաթուլաևը սպասարկում է սուլթանին: Իմ կարծիքով, միակ խնդիրը, որ կարող է ունենալ այս կայքը՝ ֆինանսականն է: Նավթադոլարները նվազում են՝ նվազում են նաև քարոզչական հնարավորությունները: Իսկ ազերիական կայքերի 99%-ի պարտականությունը՝ հակահայ քարոզչությունն է, որը մեծ հաճույքով անում է նաև Ֆաթուլաևի կայքը:
Հիմա ադրբեջանական կայքերի մեջ մեծ մրցակցություն է գնում, թե որ կայքերն են շարունակելու հովանավորվել նախագահի աշխատակազմից: Հենց սրանով էլ կարելի է բացատրել այն, որ ամանորից հետո Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածների մակարդակն էլ ավելի է իջել: Ազերի «հայտնի» լրագրողները մրցակցում են միմյանց հետ, թե ում բառապաշարն է ավելի փողոցային և անմակարդակ: Հենց նրանք էլ կհաղթեն և կհովանավորվեն Ալիևի կողմից, որը սեփական ժողովրդի ուշադրությունը երկրի իրական խնդիրներից շեղելու համար համաձայն կլինի բավական բարձր վճարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել