Մերի Մակարյանի, Հասմիկ Վերդյանի, Մարինկա Խաչատրյանի, Անաիս Սարդարյանի, Ջուլիետտա Ստեփանյանի և այլոց մասնակցությամբ «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ ֆիլմի պրեմիերան: Առաջնախաղին ներկա էին ֆիլմի ստեղծագործական ու դերասանական անձնակազմը, մի շարք հայտնի մարդիկ:

Ֆիլմը կնամոլ տղամարդու մասին է, ում մարմնավորում է ռեժիսորը՝ Հենրի Քոչարյանը: Վերջինս անհոգ ապրում էր, քանի դեռ նրա կայանք չէին հայտնվել մեկ վայրում ու բացահայտել, որ դավաճանված են: Վրեժխնդիր կանանց՝ քյառթու ու վայրենի Ռոզային, ցնդած սփյուռքահայ Մարիզաբեթին և միամիտ ու հիմարիկ Լյուսիին մարմնավորում են Մերի Մակարյանը, Հասմիկ Վերդյանն ու Մարինկա Խաչատրյանը: Կինոդիտումից հետո BlogNews-ը հետաքրքրվեց գլխավոր հերոսուհիներից՝ որքանո՞վ էր ֆիլմը հետաքրքիր իրենց համար, արդյոք կդիտեին այն, եթե իրենք չխաղային:

«Ես շատ հուզված եմ, որովհետև առաջին անգամ տեսա ֆիլմը, ոչ մի կադր չէի տեսել: Ինձ համար սա շատ մեծ փոփոխություն էր, ես երբեք ինձ չէի պատկերացնի այս կերպարում: Մի քիչ խորթ էին ժարգոնային բառերը, որոնք օգտագործում էի, որովհետև երբեք այդպես չեմ խոսել: Կարծում եմ՝ շատ ավելի լավ է, որ ես այդպիսին չեմ, բայց ներկայացրի այդ կերպարը,- ասաց Մերին, ում համար ֆիլմը հետաքրքիր էր,- իհարկե, կնայեի այս ֆիլմը: Ես միշտ նայում եմ այն, ինչ դուրս է գալիս Հայաստանում: Ինձ համար հեըտաքրքիր ֆիլմ էր»:

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև առաջին անգամ էի դիտում ֆիլմը»,- ասաց Հասմիկ Վերդյանը, ով նկատելի հուզված էր: Մեր հարցին՝ կդիտեի՞ր այս ֆիլմը, եթե չխաղայիր այստեղ, Հասմիկն անկեղծ պատասխան տվեց՝ չգիտեմ, ապա հավելեց՝ երևի այո:

 «Սպասելիքներս արդարացան: Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին, նկարահանվեցի այս ֆիլմում: Անկեղծ, շատ եմ  հավանել: Եթե նույնիսկ չխաղայի այս ֆիլմում, կարծում եմ՝ կդառնար իմ ֆավորիտներից. թեթև, հումորային ֆիլմ է»,- ասաց Մարինկան:

         

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել