Tert.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամ պետություն է, և մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը և առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ սիրով կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Գալուստ Սահակյանին ընդունելության համար, փոխանցել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի ողջույնները և Քուվեյթ այցի հրավերը:

Դեսպանը նույնպես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը նշել է, որ այդ քայլը լուրջ առաջընթաց կապահովի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել