Այսօր նյութը(ապրանք) է կառավարում աշխարհը: Մարդկության պատմության բոլոր հատվածներում էլ դա ինչ-որ չափով եղել Է: Սակայն հիմա այն ոչ միայն կառավորում է, այլ վերածվել է պաշտամունքի, հավատամքի: Եվ դրան առաջին հերթին նպատում է գլոբալացումը, ցանցային համակարգը, սահմանների ջնցումը, զանգվածային մշակույթը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Ձևավորված սպառողական հասարակությունը բացի ապրանքների զուտ սպառումից, ստեղծում է սպառման մշակույթ, միֆեր, ստեղծում է մրցունակ հերոսների ընդունելի շաբլոններ ու արժեքային սանդղակներ, ապահովում է տեղեկատվական ֆոն ու ամենակարևորը՝ ստեղծում է այդ ամենից բխող քաղաքացու համար նախատեսված վարքային իմպերատիվներ: Վարք, որը բացարձակ կառավարելի է դարձնում նրա կրողին:

Այս պայմաներում փոփոխվում է նաև «ուժ»-ի ու «ուժեղ լինելու» ընկալումը, չափանիշները: Ժամանակակից քաղաքացին ապրում է այս ամենով ու արժեքային այս տիրույթում ինքնավերատադրվում: Քաղաքացին, որն իրավաքաղաքական ու սոցիալական սուբյեկտ է, «նոր» շուկայի պայմաններում վերածվում է զանգվածային մշակույթի ու ապրանքների սպառողի: Իրականում նա այստեղ սուբյեկտ չէ, չնայած որ ամեն գնով դա նրան համոզում են :

Այսօր մենք անմասն չենք այս ամենից: Ավելին՝ մենք գրեթե բոլոր բաղադրիչների մասով մեր վրա կրում ենք գլոբալ այդ նյութապաշտության անդրադարձները՝ համեմված տեղական առանձնահատկություններով: Մեզ պարտադրված գնահատման չափանիշներով ու արժեքներով մրցունակ, նորաձև, ազդեցիկ ինչ-որ բան (գույք, ապրանք, պաշտոն, արտաքին տեսք, վարք և այլն) ունենալու մարմաջը մեր մի զգալի մասին հանգիստ չի տալիս: Նյութի պաշտամունքը մեզանում հաճախ վերծավում է միջանձնային մրցակցային մոլագարության:

Հաճախ ենք տեսնում, երբ միջին հայ ընտանիքը, որն ունի ասենք ուսանող երեխա և ամսեկան կտրվածքով լավագույն դեպքում մինչ 300/250 հազ. դրամ եկամուտ, իր երեխայի համար ծայրահեղ լարումների, ֆինանսական հնարամտությունների գնով ձեռք է բերում մինչև 150-200 հազ.-ոց, երբեմն էլ ավելի թանկ ապրանքներ՝ ասենք հեռախոս կամ ինչ-որ այլ իր, զարդ: Սա, չնայած ամեն մեկի անձնական գործն է, սակայն խելամտության ու սթափ մտածողության հետ որևէ կապ չունի: Նման իրավիճակում հնչեցվող հիմնական փաստարկները հետևյալն են. «Իմ էրեխեն ինչով ա պակաս, ուրիշից, որ չունենա»: Ներքին մրցակցության մրցավազքը «կերել ա մեզ»:

Ինքնահաստավում ենք նյութի, գույքի, ապրանք ունենալու և ամենակարևորը՝ դա ցույց տալու հաշվին: Այսօր այդ ապրանքը մեր հանրույթում մեր սոցիալական դիրքավորման, մեր կարգավիճակի, մեր ԵՍ-ի, մեր ով լինելու ամենից «ընդունելի» ցուցիչն է, մեր ուժեղության ու ազդեցիկության ինդիկատորը: Նյութի պաշտամունքն այս պայմաններում, երբեմն անցնում է ոչ ադեկվատության բոլոր հնարավոր սահմանները, երբ անծանոթները, ասենք երթևեկության մեջ միմյանց գնահատում են համաձայն վարած մեքենայի մակնիշի, դրա համարանիշում առկա միանման նիշերի քանակի, բռնած հեռախոսի և այլնի...

Այսօր մեր մի զգալի մասի մոտ նյութապաշտությունը դարձել է մեր փոխհարաբերությունների հիմքը: Իրականում սա մեր ներքին չկայացվածության լավագույն ցուցիչն է, քանի որ սեփական ԵՍ-ի հաստատման համար անհատը չպետք է հայցի նյութական «բարիքների» օգնությանը: Նրա ԵՍ-ը, որ նախատեսվում է, որ պետք է լինի նրա սեփական մտածողության ու ճանաչողության արդյունքը, գործնականում ձևավորվում ու «կայանում» է առկա խաղի կանոնների պարագայում մրցունակ համարվող կենցաղային սպառման միջոցների հաշվին: Սա համապատասխանաբար փոփոխում է անձի բարոյականությունը ու արժեքային նկարագիրը, ամենակարողության ու ամենահասության միջավայր է ստեղծվումք նրա համար: Դու սկսում ես դիտվել որպես ազդեցիկ, կայացած ու ուժեղ անձ, ում մյուսները փորձում են նմանվել: Ավելին՝ դու դառնում ես վարքի շաբլոն քո ու հարևանի երեխաների համար:

Մինչդեռ իրականում դու ինչ-որ շրջանակաների համար անտեսանելի կառավարման միջոց ես քո արժեհամակարգի կրող մյուսներին կառավարելու, ուղղորդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել