Tert.am-ը գրում է.

Իշխանություններն առաջիկա օրերի ընթացում լրացուցիչ հաղորդում կներկայացնեն, թե ինչ փուլում է գտնվում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ համագործակցելու հարցը:

ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ-ում իշխող մեծամասնության՝ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս հավաստիացրեց, թե ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներ բանակցությունների ընթացքում չեն քննարկվում:

«Պորտֆելների հարց առայժմ չի քննարկվել»,- վստահեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Բաղդասարյանը նշեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն են ակնկալում, որտեղ պատասխանատվությունը հավասարապես բաշխված կլինի:

«Ճանապարհ ենք գնալու, եթե գնում ենք համագործակցության, չի բացառվում, որ ձևաչափը լինի կոալիցիոն, իսկ այդ պարագայում կան երկու կուսակցությունների գաղափարներ, ծրագրեր, որոնք պետք է համընկնեն: Կոալիցիան նշանակում է կրել ամբողջ պատասխանատվությունը, իսկ դրա համար պետք է ընդհանրացվեն գաղափարական մոտեցումները, այսինքն՝ այն բոլոր մոտեցումները, որոնք անհրաժեշտ են երկրի պատասխանատվությունը կրելու համար»,- նշեց նա:

Tert.am-ի հարցին՝ թե ինչ ասել է հավասար պատասխանատվություն, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ենթադրում է տարանջատումներ չանել: Ինչպես նախկինում, երբ մեր գործընկերները դուրս եկան կոալիցիայից, սկսում էին մեկնաբանություններ տալ ոլորտների մասին, որոնք ղեկավարել են, որ իրենք գործ ունեն միայն տվյալ ոլորտի հետ: Բայց կոալիցիա պատկերացնում ենք այն, որ պատասխանատվությունը հավասար է, որ այն և՛ դրականի համար է, և՛ բացասականի: Բացասական բաներ էլ կարող են լինել, որ իրենք տեր լինեն, բացասականին էլ: Ես այդպիսի համագործակցություն եմ պատկերացնում: Պետք է լինի միասնական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել