Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ.տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ուղերձում ասվում է.
 
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներին և աշխատակազմին` սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ:

Սահմանադրական դատարանի գործունեությունը սկիզբ դրեց հայրենական սահմանադրական արդարադատությանը` նպաստելով ժողովրդավարության և օրինականության ամրապնդմանը մեր երկրում: Սակայն Սահմանադրական դատարանը, ի տարբերություն մյուս դատարանների, չստացավ որևէ ժառանգություն, որովհետև չուներ իրեն նախորդող նմանատիպ ատյան և ստիպված էր գործունեությունը սկսել մաքուր թղթից: Ի պատիվ նրա, պետք է ասել, որ արդեն 20 տարի Սահմանադրական դատարանն այդ թղթի վրա թողնում է ուրույն, մնայուն ձեռագիր, որը բարձր է գնահատվել նաև միջազգային կառույցների ու միջազգային գործընկերների կողմից:

Այսօր, ի դեմս Սահմանադրական դատարանի, Հայաստանում ունենք կարևորագույն մի ինստիտուտ, որն իսկապես պաշտպանում է սահմանադրությամբ հաստատված ժողովրդավարական ու պետական կարգը և, որ ամենակարևորն է, քաղաքացու և մարդու իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրական դատարանն իր ամուր և հստակ տեղն է զբաղեցնում պետական իշխանության համակարգում` չմտնելով որևէ այլ ճյուղի իրավասության մեջ և չհավակնելով փոխարինել նրանցից որևէ մեկին, միաժամանակ, ի զորու լինելով իր որոշումներով ազդել նրանց գործունեության վրա: Այս ատյանին դիմում են թե՛ քաղաքացիներ, թե՛ քաղաքական գործիչներ, դիմում են տարբեր, այդ թվում և քաղաքական բնույթի հարցերով, սակայն դրանք բոլորն էլ լուծվում են միայն իրավական ճանապարհով և իրավական միջոցներով:

Իհարկե, հասարակությունը միշտ էլ ավելի շատ բան է ակնկալում Սահմանադրական դատարանի որոշումներից: Բայց վերջինս մշտապես առաջնորդվում է օրենքով ու իր լիազորություններով` երբեք դուրս չգալով դրանց սահմաններից, չտրվելով զգացմունքների ու պատեհապաշտության:
Սահմանադրական արդարադատությունն օժտված է առանձնահատուկ պատասխանատվությամբ, որովհետև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումները պարտադիր լինելով իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար, կարող են ազդել ոչ թե մեկ կամ մի քանի մարդկանց, այլև բնակչության ամբողջական շերտերի, և նույնիսկ ամբողջ ժողովրդի ու պետության ճակատագրի վրա: Հետևաբար, Սահմանադրական դատարանի պատասխանատու գործունեությունը պահանջում է նրա անդամների մասնագիտական բարձր պատրաստվածություն, խոր գիտելիքներ, արժանապատիվ պահվածք, հաճախ նաև քաղաքացիական խիզախություն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական դատարանին ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ` մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն մեր պետականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության պատասխանատու գործունեության մեջ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել