Tert.am-ը գրում է.
Հայաստանն այնպիսի վիճակում է, որ գումարները կարող է ծախսել միայն ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա. Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
 
«Որևէ մեկը չի ասում, որ այս կամ այն մարզում ճանապարհ կառուցելը վատ բան է: Մենք ունենք ճանապարհներ, որոնք մեծ մասամբ ողբալի վիճակում են, բայց երկիրն այնպիսի վիճակում է, որ բնականաբար ստիպված ենք հաշվել ցանկացած դրամ։ Այս պարագայում նպատակահարմարը ոչ թե մարզում ճանապարհ ունենալ, չունենալն է դառնում, այլ մեր չունեցած գումարը որտեղ ծախսելը»,-ասաց նա՝ նշելով թե պարզ չէ, թե վարկային ծրագրերում ռազմավարությունն ինչին է ուղղված:
 
Ստեփան Մարգարյանը չի հավատում այն մտքին, թե մարզային ճանապարհների կառուցումը աշխուժացնում է տնտեսությունը:

«Այդտեղ ռազմավարական ծրագրի կարիք կա: Երկրի համար լուրջ խնդիր է կայուն, ապահով և համեմատաբար էժան հաղորդակցության ուղիների բացակայությունն արտաքին աշխարհի հետ: Այս խնդիրը մեր վրա կախված է Դամոկլյան սրի նման»,-ասաց նա:
 
Պատգամավորն ասաց, որ տարածաշրջանում արևելքից-արևմուտք գնացքներ են գնում, ի վերջո, այս տարածաշրջանում Վրաստանն ու Ադրբեջանը դեպի հյուսիս ևս ճանապարհ ունեն, իսկ Հայաստանը չունի և մնում է առանց դրանցից օգտվելու, ինչը վտանգավոր է:
 
«Այսօր քանի դեռ դա չկա, նրանց առավելությունը քիչ է, երբ այն սկսեց աշխատել, իսկ Հայաստանին թույլ չեն տալու օգտվելու, ապա այդ դեպքում ՀՀ-ն հայտվում է վտանգավոր իրավիճակում: Ես գտնում եմ, որ մարզային ճանապարհները պիտի կառուցվեն, բայց երբ ունես չնչին գումար և ստիպված պարտք ես վերցնում և պարզ չէ, թե սա ռազմավարական ծրագիր է , թե ոչ, ապա ինչու չնչին գումարն այդտեղ դնել: Ես գտնում էի, որ Հյուսիս-հարավ մայրուղին Մեղրից պետք էր սկսել, այսօր մինչև Աշտարակ գնալը Հյուսիս-հարավ չէ: Վարկ վերցնել, բայց իրականացնել ռազմավարական ծրագիր»,-նշեց պատգամավորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել