Tert.am-ը գրում է.

2015թ-ի հունվարի 29-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործոց հերթական դատական նիստին ներկա է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը պարբերաբար հանդիպում է Հայկազի տատիկի ու հայրիկի հետ, թեև հասկանում է, որ այս դեպքում որևէ կերպ հնարավոր չէ մխիթարել ընտանիքին։
 

«Անմարդկային սպանություն է տեղի ունեցել, ես որևէ անմեղության կանխավարկած չեմ խախտում։ Մեղավորները պետք է ստանան իրենց արժանի պատիժը։ Մենք որևէ բանով ծնողներին օգնել չենք կարող, որևէ մեկը երիտասարդին չի վերադարձնելու, բայց մեր բոլորի խնդիրն է՝ մեղավորները, հրահրողները և նման մթնոլորտ ստեղծողները պատժվեն։ Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի, մայր ու պատգամավոր։ Մեր խմբակցության պատգամավորները պարբերաբար կլինեն այստեղ։ Մենք պետք է աջակցենք, որ որևէ մեկը պատժից դուրս չմնա»,-ասաց նա։

 

Հարցին, թե ծնողները մտահոգությո՞ւն են հայտնել, որ մեղավորները ի վերջո չեն պատժվի, պատգամավորը պատասխանեց, որ ծնողները միշտ էլ մտահոգություն ունեն ու անհանգիստ են։

 

«Ես հասկանալի է, որ չեմ կարող միջամտել, բայց յուրաքանչյուրիս պարտքն է ճիշտ լուսաբանել ու հասնել նրան, որ որևէ մեղավոր անկախ մեղքի չափից, անպատիժ չմնա»,-ասաց նա։

 

Դիտարկմանը, թե ամբաստանյալները պնդում են, որ Հայկազ Բարսեղյանը ինքնասպան է եղել, պատգամավորը վրդովմունքով ասաց. «Ես դա համարում եմ ցինիզմի և լպիրշության ամենավերջին դրսևորումը, ակնհայտ է, որ դա սպանություն է»։

 

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ հավատում է պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե բոլոր մեղավորները պատժվելու են։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել