Tert.am-ը գրում է.
2015թ-ի հունվար-դեկտեմբերի ամիսներին 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները պակասել են 3.9%-ով: Հիմնականում կրճատվել է արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ. մասնավորապես դեպի Ռուսաստան 2015թ-ին արտահանման ծավալը կրճատվել է 26.7%-ով:
 
Թե ինչն է պատճառը կամ որոնք են արտահանողների առաջ այսօր կանգնած խնդիրները. այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի հետ: Վերջինս որպես առաջին պատճառ նշեց ռուբլու արժեզրկումը, ինչն էականորեն վնաս է հասցրել հայ գործարարներին:
 
«Եթե ռուբլին վերականգնվի, կարծում եմ, որ նորից կկարողանանք արտահանել այնքան ծավալով, որքան մինչև 2015թ-ը: Արտահանողներն այսօր գոյատևելու խնդիր ունեն:
Ահավոր տնտեսական իրավիճակ է, ու չգիտեմ, թե ինչպես ենք դուրս գալու այս ամենի միջից»
,-ասաց նա:

Րաֆֆի Մխչյանը նշեց, որ իրականում արտահանողների առջև ծառացած են նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները, մասնավորապես կապված Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետ: Հարցն այն է, որ հարկային մարմինները պահանջում են արտահանողներից ներկայացնել փաստաթուղթ, ինչը կվկայի այն մասին, որ իրենցից ապրանք գնած արտասահմանյան ընկերությունը ապրանքը գնելուց հետո վճարել է ԱԱՀ-ն:

«Մենք ժամանակին նման բան չունեինք ու արտահանումը ձևակերպում էինք զրոյական ու մեզ հաշվանցում էին հարկը, իսկ հիմա չեն հաշվանցում, մինչև տվյալ գնորդի կողմից տեղեկանք չլինի: Ես ինքս պայքարում եմ սրա դեմ, հարցը բարձրացրել են ղեկավարության առջև, մասնավորապես վարչապետի հետ եմ խոսել Ամանորից առաջ ու խոստացավ, որ հարցը կլուծվի, սակայն դեռևս ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց նա:

Րաֆֆի Մխչյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ավելի շատ ապրանք ներմուծվում է, քան արտահանվում:

«Երկրի համար ԵՏՄ-ից դեռ լավ բան չի եղել, էլ ուր մնաց արտահանողների համար լինի: Զարմանալի է, որ ԵՏՄ-ն, որ 170 մլն-անոց շուկա է, բայց մենք ավելի շուտ իրենց համար դարձանք շուկա, քան իրենք՝ մեր»,-ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել