Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ «Նաիրիտ» գործարանին և խնդրեց մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ է նախատեսվում իրականացնել և կա՞ն արդյոք ներդրումներ կատարել ցանկացողներ։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ 2015 թվականին դեկտեմբերին «Նաիրիտ» գործարանի գույքի գրավի իրավունքը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, այժմ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

«Բոլոր իրավասությունները՝ գույքի հետ կապված, անցնում են ՀՀ կառավարությանը»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է վերագործարկման խնդրին, Երվանդ Զախարյանն ասաց. «Վերագործարկման հետ կապված տարբեր ընկերությունների հետ բանակցություններ տարվում էին, այս պահին, որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություն չունենք»,-ասաց նա և նշեց, որ ինչպես բոլորը, այնպես էլ կառավարությունը շահագրգռված է վերագործարկման հարցով և ամեն ինչ անելու են, որ վերագործարկվի:
 
«Բացի վերագործարկումից, որևէ այլ հարց չի քննարկվում»,-ասաց նա և նշեց, որ աշխատակիցների մասով որևէ պարտավորություններ չկան:
 
Արծվիկ Մինասյանն առաջարկեց գույքագրում իրականացնել և հրապարակել ակտիվների այն կազմը, որ ներդրողները կարողանան տեսնել իրենց հնարավորությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել