Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
 
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
 
Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի և առաջիկա ծրագրերին:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել