Անկախ Տեր-Պետրոսյանի հանդեպ ձևավորված կարծիքից, դրական ու բացասական արձագանքներից (քաղաքական գործչի պարագայում այլ կերպ լինել չի կարող)՝ Տեր-Պետրոսյանն արեց մի քայլ, որը, եթե տվյալ ժամանակի կոնտեքստում նայենք, իր ու իր թիմի համար անվերադարձ իշխանության կորստի հանգեցրեց, սակայն պետականագիտության տեսանկյունից և երկիրը ցնցումների չտանելու տեսանկյունից դեռևս չունի իր նախադեպը: Հաշվի առնենք, որ հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանը կարծեմ արտաբերել էր հետևյալ միտքը՝ կվերադառնամ այն ժամանակ, երբ ազգովի կխնդրեք: Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջին նախագահը, քաղաքական այբուբենը տասը մատից լավ իմանալով, բոլորից լավ էր պատկերացնում, որ վերադառնալու համար չկա ավելի կարևոր քայլ, քան առժամանակ հեռացումը, ապա ստացվում է, որ սեփական կերպարի շուրջ միֆականությունը, 10-ամյա լռությունը միտված էր հենց վերադարձը նախապատրաստելուն: Սակայն դա արդեն այլ թեմա է:

Ցավոք, առաջին նախագահի հրաժարականն այդպես էլ մնաց նախադեպ: Թվում էր, թե Հայաստանի ապագա ղեկավարությունը նույնպես չի բարդույթավորվի իշխանության ներսում արագ ֆիլտրացիա կատարելու հարցում: Ոմանք գուցե նույնիսկ շտապեցին արձանագրել, որ Հայաստանը կարճ ժամանակաշրջանում քաղաքական համակարգի կայունության, քաղաքական հասունության աննախադեպ աճ է արձանագրում, սակայն ժամանակն ու փորձը ցույց տվեց, որ այդ ամենը չափազանցված է: Իշխանությունը դիտվեց որպես բարաքյաթ, իսկ դրանից հրաժարումը՝ ահեղ դատաստան:

Ահա այս ամենի արդյունքում է, որ Հայաստանի քաղաքական հին ու նոր սերնդի միջև առայժմ չի հատատվում շփման կուլտուրա: Մինչ այժմ չի գտնվում այն բալանսը, որով պետք է մեկը մյուսին ասել, թե փորձը երիտասարդությանը հակակշռի կամ հակառակը: Մեծերը չեն վստահում փոքրերին, փոքրերն էլ մեծերին: Արդյունքում գնալով ժողովրդից օտարվող իշխանություն ու ժամանցի վայրերում ահագնացող քաոսի դեմ պայքարող դեպրեսիվ երիտասարդություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել