«Մի օր էլ ապրեցի...»

Գործի գնալու ճանապարհին մտա՝ սուրճ վերցնեմ: Քաղցրավենիքի բաժնում փոքր հերթ էր: Ես էլ մյուսների հետ կանգնած սպասում եմ: Ինձ մոտեցավ մի ալեհեր տիկին: Առաջին հայացքից պարզ էր, որ նա իր այդ հագուստը լավագույն դեպքում գնել է ԽՍՀՄ տարիներին: Նա շատ նիհար էր, օպտիկական ակնոցներով ու դողացող ձեռքերով, բավական դժվար էր քայլում:

Հերթում կանգնած ժամանակ նկատեցի, որ տիկինը մտքում անընդհատ ինչ-որ բան էր հաշվում. պարզ էր, որ ինչ-որ թվեր է հանում ու գումարում:
Երբ հերթս եկավ, ես այն զիջեցի տիկնոջը: Իրականում նա դա չնկատեց էլ, քանի որ տարված էր իր հաշվարկներով: Մոտենալով վաճառողուհուն՝ հարցրեց. «Աղջիկ ջան, դուք պակետիկով թեյ վաճառո՞ւմ եք»: Դրական պատասխանից հետո ավելացրեց. «Մեկ հատ տուր»: Մի քիչ անսովոր էր լսել, որ կինը միանգամյա օգտագործման պակետիկով մեկ հատ թեյ է գնում: Վերցնելով թեյը, շարունակելով իր հաշվարկները՝ նա գնաց կողքի բաժին:

Ես, գնումս կատարելով, հետևեցի նրան, չնայած այդ բաժնից գնում չունեի անելու: Ալեհեր տիկինը, մոտենալով հացավաճառին, ասաց. «Ձեր ամենից էժան հացը ո՞րն է, մեկ հատ տվեք»: Ամենից էժան հացն արժեր 100 դրամ:
Ես կանգնած լուռ հետևում էի կնոջը՝ հասկանալու համար, թե այս ամենի վերջն ինչ է լինելու: Հացի բաժնից հետո նա մոտեցավ մսամթերքին ու վաճառողից խնդրեց մեկ հատ նրբերշիկ:

Աչքերով հետևելով ծեր տիկնոջը, ով բավական դժվար էր կարողանում քայլել, ես նկատեցի նրա ձեռքի կիսաթափանցիկ տոպրակը. այնտեղ կար մեկ կարտոֆիլ, մեկ հաց ու արդեն նաև մեկ նրբերշիկ: Կինը, վերցնելով վաճառողից իր վերջին գնումը, գլուխը կախ քայլեց դեպի խանութի դուռը՝ ճանապարհին արտաբերելով... «Մի օր էլ ապրեցի...»:

Փաստորեն, դա այդ կնոջ ողջ օրվա սնունդն էր:

Եթե անկեղծ, չգիտեմ՝ ինչու սա գրեցի. երևի այն պատճառով, որ ամեն օր հազարավոր էսպիսի մարդիկ ենք տեսնում բոլորս: Ես էլ՝ այդ թվում: Շատերը սրան քամահրանքով կվերաբերվեն, շատերը կասեն՝ ռոմանտիզմ է, շատերն առհասարակ չեն վերաբերվի: Լավ կանեք, ձեր գործն է:

Այսօր մեր երկրում ծայրահեղ աղքատ մարդիկ շատ կան: Կարևոր չէ, թե վիճակագրություն ասածն ինչ է այդ մասին ասում: Պետությունը ձեռքերը գործնականում լվացել է իրենցից. ասում է՝ ոնց կարողանում եք՝ «յոլլա գնացեք», հիմա վիճակն էս ա:

Երբ թոշակառու կինը մաքառում է մեկ օր էլ ապրելու համար, դա գնահատական է: Դա շատ լուրջ ու շատ հստակ գնահատական է, որ տարիներ շարունակ միգուցե չի արվել այն, ինչ պետք է արվեր: Քարոզչությունը, բառախաղերը և մանիպուլյացիաները, պատճառներ գտնելը, հղումներ անելն այս դեպքում չեն օգնում: Փաստ է, որ մարդիկ գնալով աղքատանում են. մարդիկ այսօր արդեն սննդի խնդիր չեն կարողանում լուծել: Ու այս ամենի ներքո հիմնական հարցադրումը հետևյալն է. լավ, մինչև ե՞րբ...

Հ.Գ. Բնականաբար, ես չեմ նշի, թե ինչ արեցի/չարեցի այդ կոնկրետ դեպքի մասով, բայց հարցը նրանում է, որ ես, դուք, մյուսներն ուղղակիորեն չենք հասցնում արդեն մեր ռեսուրսների ներքո այդ մարդկանց օգնել, իսկ նրանք ավելանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել