Հրանտ Բագրատյանը Սաթիկ Սեյրանյանի հաղրոդման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում պարտվել է, ուղղակի 2-0-ի փոխարեն 1-0 է պարտվել: Անկեղծ ասած, ես մաթեմատիկայից լավ չեմ, ի տարբերություն նախկին վարչապետի, ով մաթեմատիկայից շատ լավ է, ոչ էլ ԵԽԽՎ-ում եմ մասնագետ, ինչպես և Հրանտ Բագրատյանն, ի դեպ, բայց սպորտից, մանավանդ՝ ֆուտբոլից լավ եմ: Ուրեմն այսպես, եթե երկու բանաձևերն էլ ԵԽԽՎ-ն ընդուներ, ստացվում է, որ Ադրբեջանը կհաղթեր՝ 2:0 հաշվով: Իսկ եթե երկու բանաձևերն էլ չընդունե՞ր, մի՞թե կլիներ՝ 0:0, այսինքն՝ մի՞թե ԵԽԽՎ-ում եթե կարող էր որևէ մեկը հաղթել, ապա դա բացառապես Հայաստանն էր, այսինքն՝ արդյո՞ք ԵԽԽՎ-ճում բանաձևերի չընդունումը Հայաստանի հաղթանակ չէր նշանակի: Տրամաբանական է, որ եթե ընդունումն Ադրբեջանի հաղթանակն է, ապա չընդունումը Հայաստանի հաղթանակը պետք է լինի: Հետևաբար, քանի որ ԵԽԽՎ-ն արդյունքում երկու բանաձևերից մեկը չի ընդունել, մեկն ընդունել է, նշանակում է՝ խաղում մի անգամ գոլ է խփել Ադրբեջանը, մի անգամ՝ Հայաստանը, այսինքն՝ ոչ թե Հայաստանը պարտվել է 1:0, այլ արձանագրվել է ոչ ոքի՝ 1:1: Եթե, իհարկե, կրկնում եմ, Ադրբեջանի պարտությունը Հայաստանի հաղթանակն է ինքըստինքյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել