Բոլորս կհիշենք, որ անցյալ տարի կառավարության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների կանխատեսումներն իրարամերժ էին: Այս տարի, սակայն, միջազգային մի շարք կառույցներ տարեսկզբից ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ են իրականացրել, որոնք գրեթե նույն ցուցանիշներն են պարունակում, որոնք ավելի վաղ հաշվել էր կառավարությունը:

Մասնավորապես` Համաշխարհային բանկի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ 2016թ-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 2.2%, իսկ հաջորդ երկու տարիներին՝ համապատասխանաբար 2.8% և 3%, Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կտատանվի 1,7–2,2 տոկոսի սահմանում, Միավորված ազգերի կազմակերպությունը Հայաստանում 2016թ-ին 2,5% տնտեսական աճ է կանխատեսում, իսկ 2017թ-ին՝ 3%: Ինչպես նաև «Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը 2016թ-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 2%-ի մակարդակում, իսկ 2017թ-ին` 2,8%-ի, սակայն հեռանկարը կախված է արտաքին պայմաններից:
Վերը հիշատակված գործակալությունը հաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխան վարկանիշը (IDR) «B+» մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Վերջինս նշել է, որ Հայաստանի վարկանիշը պայմանավորված է նրա համեմատաբար բարձր մարդկային զարգացմամբ և բարենպաստ բիզնես միջավայրով, ինչպես նաև տնտեսական դիմադրողականությամբ:
Ամերիկյան «Bloomberg» պարբերականի փորձագետները նույնպես անդրադարձել են ՀՀ-ին սպասվող տնտեսական զարգացումներին և նշել, որ 2016թ-ին Հայաստանում գրանցվելու է 2.5 % տնտեսական աճ:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրում ՀՀ կառավարությունը 2016 թ-ի իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2.2%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել