Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է պատասխանող կողմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականին հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով: Այսպիսով, ՄԻԵԴ-ը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններից պահանջել է պաշտոնապես պատասխանել Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցին:
 
Tert.am-ի հետ զրույցում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ՄԻԵԴ դիմելիս սովորաբար դիմումատուներն ակնկալում են իրավունքի խախտման արձանագրում և, որպես կանոն, նաև փոխհատուցում իրենց խախտված իրավունքների դիմաց:
 
«Այս գործով նախ ակնկալում ենք Ադրբեջանի պարագայում կյանքի իրավունքի խախտում, ընդ որում՝ խախտում նյութական առումով, թեև սկզբնական փուլում հունգարական դատարանները չեն հիմնավորել, որ Սաֆարովը գործել է ադրբեջանական իշխանությունների դրդմամբ, բայց մենք պնդում ենք, որ հետագայում տեղ են գտել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ներում շնորհելը, խրախուսելը, հերոսացնելը, ինչը նշանակում է, որ պետությունն այս գործողությունները դիտարկել է որպես սեփական գործողություններ»,-ասաց նա:


Հետևաբար, ըստ Սիրանուշ Սահակյանի, իրենք պնդում են, որ ի սկզբանե կյանքից զրկելու համար պատասխանատու է Ադրբեջանը:
 
Հաջորդ հարցը, նրա խոսքով, խտրականությունն է ազգային հիմքի վրա։ «Անձին սպանելը բացառապես պայմանավորված է եղել ազգամիջյան կոնֆլիկտի հիմքով, և երրորդը, գտնում ենք, որ դատավարական առումով կյանքի իրավունքի խախտում կա, քանի որ Ադրբեջանը չի ապահովել դատավճռի պահանջների լիարժեք կատարումը, այսինքն՝ պատժի կրումն անհնարին է դարձել այնպիսի գործողությունների հետևանքով, որոնք վերագրելի են Ադրբեջանին»,-ընդգծեց փաստաբանը:
 
Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա այստեղ հիմնական հարցադրումը կյանքի իրավունքի խախտումն է դատավարական տեսանկյունից, քանի որ, Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Հունգարիան գիտեր կամ առնվազն պարտավոր էր իմանալ, որ եթե արտահանձներ Սաֆարովին, ապա վերջինս Ադրբեջանում իր պատիժը չէր կրի, և այն հայտարարությունները, որոնք դեռևս արվում էին պաշտոնյաների կողմից, բավարար փաստական հիմքեր պետք է տային հունգարական իշխանություններին՝ հասկանալու, որ Ադրբեջանի կողմից Սաֆարովի գործողությունները դատապարտելի գործողություն չի ընկալվում:
 
«Այն, որ Հունգարիան «անփույթ» է գտնվել, առանց այդ հանգամանքները հաշվի առնելու, պատշաճ երաշխիքների Սաֆարովին արտահանձնել է, կարծես թե նախադրյալներ է ստեղծել պատժի անխուսափելիության սկզբունքից շեղվելու համար»,- նշեց Սահակյանը:
 
Նա ընդգծեց, որ սույն գործով դրամական փոխհատուցման խնդիր չի դրվել, քանի որ հարազատների մոտեցումն այն է, որ իրենց կորուստն անգնահատելի է, և ո՛չ բարոյական, ո՛չ նյութական առումով այն դրամական արտահայտությամբ չի կարող ներկայացվել:
 
«Հետևաբար, գործը մեզ համար կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և Գուրգեն Մարգարյանն այս դեպքում խորհրդանշական նշանակություն ունի հայի պաշտպանության առումով՝ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններում»,-ասաց նա:
 
Սիրանուշ Սահակյանը հույս հատնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց կողմից բարձրացրած հարցերը բոլոր տեսանկյուններից կճանաչի որպես իրավունքի խախտումներ:
 
«Դատարանին ուղղակիորեն խնդրել ենք իր վճռով հատուկ միջոցառում նախատեսել, որով ադրբեջանական իշխանություններին կպարտավորեցնի Սաֆարովին հանձնել Եվրոպայի խորհրդի այլ պետություն, և հատուկ հսկողությամբ երաշխավորել հունգարական դատարանի վճռի պահանջների կատարումը: Հատուկ վերապահում ենք արել, որ այդ երկիրը չի կարող լինել Թուրքիան, թե որքանով դատարանն ուղղակիորեն իր վճռում կմատնանշի այդ միջոցառումը, դժվար է հստակ կանխատեսումներ անել, քանի որ դատարանը, որպես կանոն, արձանագրում է խախտումը և հատուկ միջոցառումներ չի թելադրում, թողնելով դա Նախարարների կոմիտեի քննարկմանը, բայց մենք համարում ենք, որ սույն գործն առանձնահատկություններ ունի, որոնք պահանջում են ուղղակի մատնանշումներ»,-եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել