Այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում առկա են խնդիրներ: Բացի սոցիալական բնույթի խնդիրներից, հաճախակի ենք բախվում պետական մակարդակով հովանավորվող անարդարությունների հետ:
Դրան զուգահեռ շատացել են «խեղճ ու տանջված» ժողովրդի անունից խոսողները, ովքեր առիթ-անառիթ հիշատակում են մեր օրերում առկա անարդարությունները, իշխանության սխալ քաղաքականությունը:

Այն, որ իշխանավորների, պետական պաշտոնյաների երեխաները մշտապես առանձնացել են հասարակ ընտանիքի երեխաներից, փաստ է: Բոլորս էլ գիտենք, որ մեր օրերում պաշտոնյայի որդու փոխարեն ծառայում են աղքատ ընտանիքի երեխաները: Ի դեպ, այսօրվա հրապարակումներից պարզեցի նաև, որ պետական գերատեսչություններում իշխանավորի երեխայի՝ ամեն օր աշխատանքի ժամանելը չափազանց մեծ ձեռքբերում է համարվում:
Ինչևէ, այս խնդիրներն առկա են, և բոլորս էլ քաջ տեղյակ ենք, սակայն տգեղ է, երբ դրանց մասին խոսում են հենց այդ խնդիրների հետ բախում ունեցած պաշտոնյաների «PR մասնագետները»: Մասնավորապես՝ խոսքը գնում է Արթուր Բաղդասարյանի խոսափողների մասին: Ընդունելի է, որ վերջիններս ջանք ու եռանդ չխնայելով՝ քննադատում են պետության բացասական կողմերը, իշխանավորների սխալները և այլն, սակայն երբ խոսում են բանակի ծառայության մասին, ուզում ես անձնական նամակով գրել ՍՏՈՊ:

Ինչո՞վ է տարբերվում ձեր Արթուր Բաղդասարյանն այսօրվա չինովնիկներից, ովքեր, իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, տղաներին «փախցնում են» բանակից: Բա դրա մասին ինչի՞ չեք գրում, բա Բաղդասարյանի որդին ինչի՞ չի ծառայել: Էս համակարգի կողմից ընձեռած արտոնություններից Բաղդասարյան Արթուրն լավ էլ օգտվել է, իսկ հիմա կանգնել ու վերածնունդ է խոստանում:

Մի խոսքով, Բաղդասարյանի «փիարշիկներն» իշխանությունների թերությունների ու հանցագործությունների մասին բարձրաձայնում են՝ չհիշելով, որ դրա անմիջական մասնակիցներից մեկն իրենց լիդերն է: Պարոնա՛յք, առանց հասկանալու մի խոսեք, մի քիչ վերլուծեք, անհարմար բան է ստացվում:
Այստեղ տեղին է ասել. «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել