Արդեն մոտ քառորդ դար է՝ ՀՀ/ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ գտնվում է ռազմական հակադրության մեջ, որի ներքո նրանք տարբեր փուլեր են անցել՝ ակտիվ պատերազմից մինչև հրադադար, ապա նորից սահմանային ակտիվություն: Այս ողջ ընթացքում հակադրության կողմերի բանակներն անցել են ինստիտուցիոնալ բարեփոխումների մի շարք գործընթացներ՝ վերածվելով ռազմական բավական կուռ միավորների, որոնք ավել կամ պակաս հաջողությամբ ունակ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:

Տրամաբանական է, որ նշված ժամանակահատվածում երկու կողմերի որդեգրած ռազմական մոտեցումներում, ռազմական մարտավարության մոդելների ընտրության հարցում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Դրանք այսօր արտացոլված են երկրների ընդունած ռազմական պարադիգմերում, որոնց հիմքով էլ մինչ օրս պետությունները կառուցում են հնարավոր լայնածավալ պատերազմի իրենց տեսլականները: Եթե հայկական կողմն ավանդաբար առաջնորդվել է «արձագանքման-պաշտպանական» գործելաոճով, ապա Ադրբեջանը հարձակողական վարք է ընտրել: Սա հասկանալի է, քանի որ Ադրբեջանը հակամարտության ռազմական փուլում պարտվել է, ունի տարածքային կորուստներ, հետևաբար ամեն գնով ռևանշի հասնելու վարք է դրսևորում:

Սակայն հարկ է նշել, որ կոնֆլիկտի ընկալումը տարիների ընթացքում փոխակերպվել է, և այսօր ՀՀ-ն իր պաշտպանական քաղաքականության ռազմավարական վերանայման քայլեր է ձեռնարկում՝ այն դարձնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակին առավել համահունչ:

Այսօր ՀՀ-ն անցում է կատարում նախահարձակ մոտեցումներով հակառակորդի ակտիվությունը ճնշելու գործելաոճի, որն առավել մոբիլ է, հասցեական ու իրավիճակին համարժեք: Խոսքը «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի գործարկման մասին է, որը ենթադրում է «Դիտարկում-կողմնորոշում-որոշում-գործողություն» մարտավարական քայլերը: Սա ռազմական վարքի այնպիսի ձև է, որը նախատեսում է ռազմական պայմաններում առկա խնդրի ֆիքսացիա, իրավիճակի գնահատում, դրան համապատասխան գործողության ձևի օպերատիվ որոշում ու իրականացում: Այսինքն՝ սա գործնականում ակտիվ նախահարձակ պաշտպանությունն է, որն իր առջև խնդիր է դրել հակադարձել հակառակորդի քանակական աճին որակական գործելաոճով՝ տեղերում ազդեցության առանցքային բաղադրիչների մասով հակառակորդի նկատմամբ հասնելով դոմինանտության անհրաժեշտ մակարդակի:

Սա կարևոր փոփոխություն է, որը տեսանելի ազդեցություն կունենա կողմերի ռազմական ներուժի գործնական իրացման պայմաններում:

Մինչդեռ, եթե փորձենք գնահատել հակամարտող կողմերի բուն ռազմական հզորությունները, ապա ինչպես կենդանի ուժի, այնպես էլ մի շարք զինատեսակների քանակական ու տիպային ցուցանիշներով կողմերն ընդհանուր առմամբ համադրելի են: Ուժային հարաբերակցության առկա իրավիճակում, եթե Բաքուն ձեռք է բերում իրեն առաջարկվող գրեթե ամեն տիպի ու տեսակի՝ հիմնականում հարձակողական զինանոց, ապա Երևանն առաջնորդվում է հնարավոր պատերազմի ու հակառակորդին հակադարձելու առավել իրատեսական տրամաբանությամբ: Ասենք, եթե Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է/էր ծախսում օդուժի քանակի ավելացման ու նոր տեսակների ձեռքբերման վրա, մենք արդիականցնում ենք մեր ՀՕՊ համակարգերը, որով այդ օդուժի գերակայությանը կարող ենք համակշռել: Սա տնտեսապես շահեկան է, իսկ ռազմական առումով՝ խելամիտ: Տնտեսված հավելյալ միջոցները կարողանում ենք ներդնել մարտավարական այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելուն:

Անդրադառնալով հակամարտության կողմերի տիրապետման տակ առկա ռազմական միջոցներին՝ նշեմ, որ զինատեսակների քանակական ու տեսակային հարաբերակցության առումով կողմերը տիրապետում են բավական լուրջ զինանոցի, որի մեջ ներառված են ինչպես ժամանակակից համազարկային համակարգեր՝ «Սմերչ», «Ուրագան» և այլն, ՀՕՊ տեխնիկա՝ «Ս-300»-ներ, հրետանային ժամանակակից զինտեխնիկա ու հրթիռային համակարգեր՝ «Տոչկա-Ու», «Սկադ» և այլն:
Ավելին՝ ռեգիոնի ուժային հարաբեկացության ներկա status quo-ի պահպանման վրա ազդող զինատեսակներ են առկա, որոնց մասին երկրները (կամ գոնե նրանցից մեկը) դեռևս չի բարձրաձայնում:

Կարծում ենք, որ մի կողմից՝ ԼՂ շփման գոտում առկա ուժային հարաբերակցությունը, մյուս կողմից՝ ՀՀ-ի պաշտպանական քաղաքականության ռազմավարական/մարտավարական վերանայման գործընթացում նոր մոտեցումները բավական տեսանելի արդյունքներ կտան ԼՂ շուրջ առկա status quo-ի փոփոխմանն ուղղված քայլերը բեկանելու ուղղությամբ: Նոր մոտեցումները, որոնք իրենց բավական արդյունավետ դրսևորել են Մերձավոր Արևելքի նման բարդ ռեգիոնում, համապատասխան տեխնիկական համալրման պարագայում ամենայն հավանականությամբ լավագույնս կդրսևորեն իրենց առաջադրված խնդիրների լուծման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել