Դասական քաղաքագիտության ու հատկապես դրա արևմտյան ուղղվածության տեսություններում (Լիսկա, Ուոլթ, Սնեյդեր և այլք) քաղաքական ուժերը կոալիցիաներ կազմում են քաղաքական ու գործընթացային մի քանի իրավիճակներում.

- երբ մասնակցում են ընտրական գործընթացներին,
- երբ օրենսդիր մարմնում կառավորություն կազմելու խնդիր ունեն,
- երբ ունեն գաղափարական/քաղաքական նմանօրինակ մոտեցումներ (սա միշտ չի, որ պարտադիր պայման է):

Քաղաքական գործընթացների այլ ֆորմատներում քաղաքական կոալիցիաներ սովորաբար չեն կազմվում: Հիմա ՀՀ-ի քաղաքական համակարգում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիա կազմելու քննարկումներ ու խոսակցություններ են ընթանում: Ավելին՝ քաղաքական ուժերը հրապարակային մեսիջներ են ուղղարկում միմյանց, թե «մենք պատրաստ ենք» դրանց, մյուսները՝ թե «պետք է հասկանանք՝ ինչպես համագործակցենք» և այլն....

2015թ-ին աջակցելով ՀՀԿ-ի կողմից նախաձեռնված Սահմանադրական հանրաքվեին՝ ՀՅԴ-ն գործնականում իր «մշտական» 5-7%-ի համար էր կռիվ տալու խորհրդարանական հանրապետությունում իշխանության մաս դառնալու առումով: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՅԴ-ի քաղաքական պահվածքը, իհարկե, գնահատելի էր ՀՀԿ-ի կողմից, և ՀՅԴ-ն էլ փաստորեն սպասում, որ այդ գնահատումն առարկայական փոխհատուցում կստանա կոալիցիոն ձևաչափի տեսքով: Դա լավ կամ վատ չէ. դա մեր քաղաքական համակարգի մշակույթի տարրն է:

Եթե իրականում քաղաքական կոալիցիա ձևավորվի, ապա պետք է փաստել, որ այն դասական առումով «քաղաքական» չի լինի: Այն չի բխի օրվա քաղաքական օրակարգից, այլ ընդամենը կարձանագրի, որ կուսակցությունները եկել են համաձայնության «փոխհատուցման» հարցում: Ավելին՝ եթե մեկին թվում է, որ մինչ հաջորդ ընտրություններ ՀՅԴ-ին տրվելիք նախարարական կամ այլ պաշտոններում երկիրը մեծ առաջխաղացում կունենա, ստիպված ենք հակառակը պնդել, քանի որ անգամ, եթե հայտնվեն փայլուն պրոֆեսիոնալներ, իրավիճակը գրեթե չի փոխվի, քանի որ աշխատելու համար ժամկետները բավական քիչ են մինչ 2017-ի ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել