Pastinfo.am-ը գրում է.

Ծննդկանի մահվան պատճառ դարձած, պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ մեղադրվող «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ այսօր նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայցև կիրառվել  այլընտրաքային խափանման միջոց:

Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը միջնորդել է Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել գրավ՝1 մլն  ՀՀ դրամի չափով, որը դատարանը բավարարել է:

Նշենք, որ հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն խափանման միջոցի հարցը չէր լուծվել,  քանի որ նա գտնվում էր հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ  Շուշանիկ Բախշյանը հունվարի 22-ին ձերբակալվել էր, սակայն հաջորդ օրը դատարանի որոշմամբ ազատ արձակվել արգելանքից: Դատարանի որոշումը հրապարկվելուց  անմիջապես հետո պարզվում է Բախշյանն առողջական խնդիրներ ունի և դատարանից շտապօգնության ավտոմեքենայով, ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի ուղեկցությամբ՝ տեղափոխում է հիվանդանոց:

Իսկ արդեն  Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում պարզվել է, որ բժշկուհու մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը:

 Նշենք, որ երեկ նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ այդ ամբողջ ընթացքում Շուշանիկ Բախշյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել:

Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովի եզրակացության՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել