Քաղաքացու համար հայրենիքն այն երկիրն է, որի տերն ու տնօրենն ինքն է, իր համաքաղաքացիների հետ միասին: Հայրենիք կազմելու, այսինքն՝ մի երկրի տեր ու տնօրեն լինելու միակ միջոցը պետություն հաստատելն է... Պետության կազմի մեջ լինելն ինքնին դեռ չի նշանակում տեր լինել այդ պետության, ուրեմն և չի նշանակում հայրենիք ունենալ: Պետություններ կազմող ազգերն ու մարդ-անհատները միշտ բաժանված են եղել երկու տարբեր դասերի՝ իշխողների ու իշխվածների, իշխանության տերերի ու իշխանության ենթակաների: Մի կողմից՝ ավել կամ պակաս իրավատեր «քաղաքացիներ», մյուս կողմից՝ ավել կամ պակաս իրավազուրկ «հպատակներ», իսկ հին աշխարհում նաև ճորտեր՝ ահա՛ պետության կազմը:
Քաղաքացին քաղաքացի է և, հետևաբար, ունի հայրենիք այն չափով միայն, ինչ չափով տեր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝ քաղաքականապես իրավազուրկ մարդը, հայրենիք չունի, ինչպես չունի հայրենիք նաև քաղաքականապես իրավազուրկ ազգը («Ազգ և Հայրենիք»):

Հ.Գ. Այս ձևակերպման մեջ կարելի է նշմարել այսօրվա արտագաղթի գլխավոր պատճառներից մեկի բացատրության սաղմերը. իշխողները չեն թողնում, իսկ ենթակաները չեն կարողանում այս երկրում տեր և տնօրեն զգալ, հետևաբար՝ լինել լիարժեք քաղաքացիներ և ունենալ լիարժեք հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել