Քչերը գիտեն, որ փիլիսոփայական մտածողությունը, տարածված կարծիքին հակառակ, սիրում է կոնկրետություն, ոչ թե վերացական մտածողություն: Փիլիսոփայի համար շատ կարևոր է երևույթներին ճիշտ բնորոշում տալ, իրերն իրենց անուններով կոչել, շեշտել երևույթների միջև նույնիսկ փոքր տարբերությունները, քանի որ սատանան, ինչպես գիտեք, թաքնված է հենց մանրուքներում: Այդ պատճառով էլ փիլիսոայական մտածելակերպ կամ աշխարհայացք ունեցող մարդու համար բացարձակապես տարբեր բաներ են սերը, սիրելու ցանկությունը և սիրել կարողանալը, կամ, օրինակ, ազգի անցյալը և ազգի պատմությունը, հայրենիքն ու պետությունը:

Անկախությունից ի վեր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ, ցավոք, տեղ է գտել վտանգավոր և արատավոր մի երևույթ՝ օտարումը: Մենք գնալով ավելի ու ավելի ենք օտարվել հայ ազգային մշակույթից (որը, չգիտեմ ինչու, նույնացվել է ավանդույթների հետ և դարձվել անցյալի բաժին), հայրենասիրությունից (որն ընկալվում է ոչ թե որպես ամենօրյա պրակտիկա, այլ ինչ-որ հեռավոր տեսություն), կրթությունից (երբ սովորում են բաներ, որ չեն հասկանում կամ իրենց պետք չէ, որպեսզի ստանան գնահատականներ և դիպլոմ, որոնք առհասարակ աշխարհում ոչ մեկին պետք չեն), աշխատանքից (երբ անում են բաներ, որոնք իրենց սրտով չեն, որպեսզի ստանան աշխատավարձ, որն իրենց սրտով չէ), և այլն:

Օտարման հաղթարահումը ենթադրում է հանրային կյանքի ֆունդամենտալ վերարժևորում, վերաիմաստավորում, ընդհանուր նպատակների և իմաստների ձևակերպում և այլն, մի բան, որ մենք հաստատ չենք անի: Ոչ թե որովհետև չենք կարող, այլ որովհետև դրան ընդունակ մարդիկ և պետության ու հանրության ներկան և ապագան որոշող մարդիկ տարբեր մարդիկ են:

Բոլոր այդ օտարումների մեջ այսօր թերևս ամենավտանգավորը մեր օտարումն է մեր պետությունից: Մենք օտար ենք ոչ թե պետությանն առհասարակ, քանի որ այլ երկրներում հեշտ հարմարվում ենք պետական կարգին, այլ օտար ենք հենց մեր պետությանը: Եվ, համապատասխանաբար, շատ դեպքերում մենք էլ օտար մարդիկ ենք հենց մեր պետության հանար:

Դրանում մեղավոր են և՛ նրանք, ովքեր պետությունը ծառայեցրել են իրենց անձնական կամ այլ երկրների շահերին, և՛ նրանք, ովքեր դա տեսել-հասկացել են, բայց դեմը չեն առել, և՛ նրանք, ովքեր ստեղծված իրավիճակից պարզապես օգտվում են՝ վախկոտ գողի պես թալանելով, քանի ոչ ոք չի տեսել, և քանի էլի թալանողներ կան:

Պաշտոնյաներից, երաժիշտ, գողական, առևտրական, ինչպես նաև որոշակի զբաղմունք չունեցող պատգամավորներից, հոգևորականներից շատերը թող իրենց հարց տան. ե՞րբ են վերջին անգամ մի բան արել՝ ասելով՝ սա էլ պետության (Հայաստանում բոլորի ավելի լավ ապագայի) համար եմ անում: Շատերը ոչ թե վերջին անգամ, այլ առաջին անգամ էլ նման բան չեն արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել