Էսօր «Բարի լույս, հայեր»-ը հակիրճ ի մի էր բերում Արամի 30-ի շուրջ ծավալված քննարկումները, ու մի պահ հասկացա, որ, ըստ էության, հարցի շուրջ աղմուկն ու էմոցիան շատ է, իսկ բուն բովանդակային խոսակցությունները՝ քիչ։

Անկեղծ ասեմ, ես էսթետիկական հաճույք եմ ստանում քաղաքի էդ հատվածից, ու ինձ դուր է գալիս, որ այնտեղ կան 200 տարեկան շենքեր։ Միևնույն ժամանակ կոնկրետ տվյալ շենքի մոտով անցնելիս միշտ աչք է ծակել դրա խարխուլ տեսքն ու անհամահունչությունը։ Գուցե այլ կոնտրաստի պայմաններում ինքը նայվեր, եթե, ասենք, քաղաքի էդ հատվածում շենքերը մեծամասամբ այդպիսին լինեին, ոնց որ, ասենք, Թիֆլիսի Լեսելիձի վրա է, բայց արի ու տես, որ էդ հատվածում համ նման շենքեր են, համ խորհրդային շրջանի, համ էլ «նարեկսարգսյաններ»։

Արդյո՞ք ես ընկալում եմ տվյալ շենքը՝ որպես պատմամշակությային հուշարձան. միանշանակ ո՛չ։ Արդյո՞ք կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր բողոքում են շենքի ապամոնտաժման դեմ. միանշանակ այո՛։ Հասկանալ կարելի է, որովհետև չափազանցություն չի լինի ասել, որ այդ մարդկանցից շատերը ոչ այնքան սրտացավ են ոչ թե կոնկրետ այդ շենքի համար, ինչքան վերջին տարիներին Երևանում տեղ գտած ճարատարապետական ու շինարարական բռնաբարության դեմ և ավելի շատ՝ դրան զուգակցված ցինիզմի, որը դրսևորում են պաշտոնատար այրերն ու պալատական մշակույթի ներկայացուցիչները (օրինակ՝ Լևոն Իգիթյանը)։

Հասկանո՞ւմ եք, եթե մարդիկ իմանան, որ Արամի 30-ի տեղը կառուցվելու է թեկուզ ոչ պատմամշակութային արժեք, ապա գոնե ինչ-որ կառույց, որը կունենա էսթետիկ գեղեցկություն, չի լինի զուտ քառակուսի մետրաժ ապահովող վուլգարություն (ինչպիսիք են «նարեկսարգսյանների» մեծամասնությունը), ապա բողոքի ու ընդվզման ալիքը կլինի շատ ավելի թույլ ու կներգրավի միայն պայքարիստներին, ովքեր ինքնանպատակ են պայքարում։

Նույն Աբովյան փողոցի վրա կա մի հատ շենք, որի ֆասադը նման է 200-ամյա շենքի, իսկ վրան հավաքած է «նարեկսարգսյան»։ Չգիտեմ, թե ինչ հիվանդագին երևակայություն էր պետք՝ նման գլուխգործոցի հասնելու համար, բայց, համենայն դեպս, սա հենց այն է, ինչն իլյուստրացնում է ինձ համար շինարարության ու շինելու տարբերությունը։ Մարդիկ չեն ուզում, որ թեկուզ մեծ պատմամշակութային արժեք չունեցող, բայց միանշանակորեն կոլորիտ ստեղծող կառույցները քանդվեն, ու փոխարենը կառուցվեն նման ուռոդություններ, և չեն ուզում, որպեսզի այդ ուռոդություններն ու Երևանի արտաքին տեսքը շինելը լոբբինգ անելիս տարբեր նարեկսարգսյաններ ու լևոնիգիթյաններ հոխխորտան, վիրավորեն ու հակադրվողներին վերաբերվեն ասես անմիտ ամեոբաների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել