Այսօր անհավանական դեպք տեղի ունեցավ ավտոբուսի կանգառում: «1248s» պետհամարանիշի 42 համարի ավտոբուսն Արշակունյաց պողոտայով մոտեցավ կանգառին:
Այդ ժամանակ կանգառում երկու «Գազել» կար:

Ավտոբուսի վարորդը չկանգնեց սրանց հետևում և շարունակեց ընթացքը, ինչպես սկզբում կարծեցինք, ավելի հարմար կանգառի համար:

Ու մինչ ուղևորները փորձում էին կռահել, թե նա կանգառի որ մասում կկանգնի՝ ավտոբուսի վարորդը, չգիտես ինչու, ներվայնացավ, կիսադատարկ ավտոբուսն առանց կանգառի քշեց, գնաց, ուղևորներին թողնելով կանգառում՝ -14 աստիճան ցրտին:

Սրանից հետո բավական երկար կանգառում ոչ մի ավտոբուս, տրոլեյբուս չերևաց: Ու մարդիկ կանգնած էին ընտրության առաջ. կամ խցկվել ազատ նստատեղեր չունեցող «Գազելներ» ու կռացած երթևեկել, կամ սառել -14 ցրտին:

Երևանի տրանսպորտային համակարգում խայտառակ վիճակ է: Ավտոբուսի վարորդների մեծամասնությունն ավտոբուսը վարում է հեռախոսով խոսելով՝ իրենց անձնական հարաբերությունների նրբություններն ուղևորների հետ կիսելով, տափակ անեկդոտներ բարձրաձայնելով, չսափրված, ծխելով, ավտոբուսները վարում են անկանոն՝ կարտոֆիլ տեղափոխող բեռնատարի նման:

«Գազելների» մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, որովհետև դրանցով երթևեկելը նվաստացուցիչ է չնստած ուղևորների համար:

Հենց այս հարցերն էի բարձրաձայնում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, որին պարոն Տարոն Մարգարյանը հերթական անգամ չներկայացավ: Ըստ ամենայնի, ԱԺ գալու հետ կապված ինչ-որ վախեր ունի:

Հ.Գ. Երկու շաբաթ առաջ ինձ համար կանգնած եմ ավտոբուսի մեջ: Զգում եմ, որ վարորդը նկատել է ինձ. հայելու մեջ ինձ է նայում, փոխանակ ճանապարհին նայի: Զգացի, որ ինչ-որ ինչ-որ բան է մտմտում ու պատրաստվում է ինչ-որ գիգանտ միտք արտահայտել: Ի վերջո, հավաքեց մտքերը և ինչքան ձայն ուներ, գոռաց. «Պարո՛ն Փաշինյան, ընչի՞ մի հատ օրենք չեք ընդունում, որ էս սաղ հայերին գյուլլեն»: Ինչպես ասում են՝ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել