Մենք հաճախ ենք սիրում համեմատել մեզ հրեա ազգի կամ Իսրայել պետության հետ: Իրականում նման ամեն համեմատություն բավական բարդ ու ռիսկային գործ է: Սակայն, լինելով շատ տարբեր, մենք ինչ-որ հանգամանքների մասով ունենք որոշ նմանություններ (դիցուք՝ նույն հաջողությամբ մենք նմանություններ կարող ենք ունենալ նաև, ասենք, վրացիների կամ բուլղարների հետ. այստեղ որևէ միստիցիզմ փնտրել պետք չէ):

Երբ ասում են ընդհանրություններ, մենք առաջինը կարող ենք արձանագրել հետևյալ մի քանի հանգամանքները.
Երկուսս էլ շրջապատված ենք հիմնականում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներով,
Երկուսս էլ ունենք լրջագույն ու այս պահին առնվազն ոչ լուծելի խնդիրներ մեր հարևանների հետ,
Երկուսս էլ ունենք փոքր տարածք,
Երկուսս էլ չունենք բնական ռեսուրսներ, չնայած Իսրայելը ծովեզերք ունի,
Երկուսս էլ ունենք պատմական կորուստ ու դրա ընկալում (Եղեռն, Հոլոքոստ),
Երկուսս էլ ունենք սփյուռք,
Երկուսս էլ շրջապատված ենք հիմնականում մահմեդական երկրներով,
Երկուսս էլ ունենք ռեգիոնից դուրս գտնվող երկրի հետ անվտանգային պայմանագիր ու գործընկերային հարաբերություններ,
Երկուսս էլ ունենք հաղթանակած բանակ:

Միգուց կան նաև այլ նմանություններ, որ մենք չնշեցինք: Սակայն վերջին՝ «հաղթող բանակ» ունենալու կետը, կարծում եմ, կարելի է առավել հանգամանալից դիտարկել գոնե Իսրայելի մասով:

Մեր բանակները շատ տարբեր են: Նրանք ունեն ուժեղ ու թույլ կողմեր, սակայն մեկ հարցում ապացուցել են, որ ունակ են լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Այսօր Իսրայելի բանակն (ՑԱԽԱԼ) աշխարհի ամենից հզոր բանակներից է: Այն ունի ԶՈՒ-ի տիպային/տեսակային գրեթե բոլոր զորամիավորումները՝ ռազմածովային, ռազմաօդային ուժեր, հետևակի ու տանկային ստորաբաժանումներ, հրետանային ու հրթիռային զորքեր (Իսրայելն ունի նաև միջուկային «զորքեր», որի մասին չի բարձրաձայնվում):

Իսրայելն աշխարհի այն երկրներից է, որտեղ աղջիկներն անցնում են պարտադիր զինծառայություն: Իսրայելական բանակում աղջիկներն ամենուր են: Նրանք ծառայում են ԶՈՒ-ի բոլոր ստորաբաժանումներում, սակայն երբեմն նրանց հեռու են պահում բուն ռազմական գործողություններին մասնակցությունից: Նրանք ավելի հաճախ ապահովում են կապի, էլեկտրոնային համակարգերի, գրասենյակային, վարչական ոլորտներում ծառայություն: Նշենք, սակայն, որ կանայք ներգրավված են նաև իսրայելական օդուժում, դիպուկահարներ են, տեխնիկայի գործարկման հրահանգիչներ:

Կանայք Իսրայելի բանակում աչքի են ընկնում առանձնահատուկ համբերատարությամբ, ենթակաների նկատմամբ առավել դրական տրամադրվածությամբ, առավել պարտաճանաչ են: Ու նրանց ծառայության որակը տղամարդկանց ծառայության որակից ցածր չէ: Տղամարդիկ Իսրայելի բանակում ծառայում են 3 տարի, կանայք՝ 2:

Բացի վերոնշյալ առանձնահատկություններից, իսրայելական բանակը նաև ունի մի շարք այլ տարբերակիչ գծեր ևս:

Իսրայելի բանակում ինքնաձիգը, որը զինվորը ստանում է ծառայության սկզբում և վերադարձնում վերջում, միշտ գտնվում է նրա մոտ: Անգամ երբ նա դուրս է գալիս զորամասից, ինքնաձիգը միշտ իր հետ է: Դա իր՝ մի շարք հիմնավորումներն ունի. նախ, հաշվի առնելով Իսրայելի շուրջ առկա վիճակը, ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, երկրորդ՝ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ զինվորն ամեն պահի պետք է պաշտպանի իր երկրի քաղաքացիներին քաղաքացիական պայմաններում ի հայտ եկած վտանգից:

Իսրայելի բանակը շատ է տարբերվում հետխորհրդային (ու ոչ միայն) բանակներից: ԶՈՒ-ի որոշ ստորաբաժանումներում զինվորների սենյակներում, որոնք նախատեսված են 8 հոգու համար, առկա է օդափոխիչ, անձնական պահատուփեր, հոսանքի վարդակներ՝ համակարգիչներից օգտվելու, հեռախոսները լիցքավորելու համար: Ավելին՝ զորամասի շուրջ առկա են արևային էներգիայի սարքեր, որոնց արտադրած էներգիան սպառում է զորամասը:

Իսրայելական բանակում «շարային քայլ» հասկացողություն չկա, քանի որ այն անհրաժեշտ չէ ռազմական գործողությունների անցկացման համար: Բանակային ճաշարանն ինքնասպասարկման սկզբունքով է աշխատում, զորամասում առկա է նաև առանձին սրճարան: Իսրայելական բանակի զորամասերում առկա են հեռուստացույցներ, որոնց կոլեկտիվ դիտումը գրաֆիկով չէ, այլ կապված է ազատ ժամանակը կառավարելու զինվորի ցանկության հետ: Զորամասերում առկա են սպորտային սրահներ, խաղային հրապարակներ:

«Դեդովշինա» կամ ոչ կանոնադրային հարաբերություններ ասածը, ըստ պաշտոնական տվյալների, չկա: Ժամանակին դրա որոշ դրսևորումներ խստագույնս պատժվել են՝ ընդհուպ մինչև մեղավորի ռազմական ազատազրկում:

Բազմաթիվ կոնֆլիկտներում, որտեղ Իսրայելը հաղթել է, հաղթել է իր բանակի հզորության զորու: Այս երկրում «պետություն-բանակ» հայեցակարգն իրողություն է դարձել: Սակայն հաղթել են ոչ միայն այդ պատճառով: Ինչպես ամենուր, այնտեղ նույնպես բանակը հասարակության արտացոլումն է: Հրեաները՝ որպես ազգ, միմյանց նկատմամբ շատ ուշադիր են, սրտացավ: Դա մի երկիր է, որտեղ մեկ հրեայի կյանքն արժե 1000 ահաբեկչի կյանքը: Ու պետությունը պատրաստ է դա վճարել: Հարկ է նշել, որ Իսրայելի բանակը մեծ աջակցություն է ստանում սովորական քաղաքացիներից: Նրանք կարևորում ու հպարտանում են իրենց բանակով: Իսրայելի բանակի զինվոր լինելը պատվաբեր է:

Վերոնշյալ դիտարկումները, որոնք արվել են մի շարք լրագրողների, վերլուծաբանների ու որոշ մասնագետների նյութերի դիտարկման արդյունքում, օբյեկտիվորեն այդ հզոր բանակի շատ մակերեսային շերտին են միայն անդրադառնում: Իսրայելը մի քիչ տարօրինակ ու ոչ ստանդարտ լուծումներ է գտել իր բարդ իրավիճակի համար: Ու պատմությունը, իրականությունը ցույց է տալիս, որ չի սխալվել: Բավական ուսանելի փորձառություն ունի նրա ԶՈՒ-ի ձևավորման ու զարգացման դինամիկան ու շատ օգտակար մեր նման նոր փորձառությամբ երկրի համար: Սակայն հարկ է նշել, որ հոգեբանական բարդույթները, որ մենք ունենք, Իսրայելը կարողացել է հաղթահարել ու հասել է հաջողության: Երևի հերթը մերն է լինելու խիզախ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել